1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան». արաբագետը մեկնաբանում է Թրամփի` Սիրիայից հեռանալու հայտարարությունը

«Իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան». արաբագետը մեկնաբանում է Թրամփի` Սիրիայից հեռանալու հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի  հայտարարությունն արարողակարգային  է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան:  «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն շատ շուտով կհեռանա Սիրիայից:

«Չեմ կարծում, որ այս հայտարարությանը կհետևեն գործնական քայլեր: Իրականում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը երկու կարևոր խնդիր է լուծում` մարտավարական և ռազմավարական: Երկու տեսանկյունից էլ այդ խնդիրները դեռևս լուծված չեն, իսկ լուծման համար բավական տևական ժամանակ կպահանջվի: Մարտավարական տեսանկյունից դեռևս շարունակվող պայքարն է իսլամական ծայրահեղական խմբավորումների դեմ: Եվ չնայած արձանագրված լուրջ հաջողություններին, այդուհանդերձ, դրանք շարունակում են դերակատարություն ունենալ Սիրիայում, Իրաքում, դեռ ակտիվանալու վտանգն առկա է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ սիրիական հակամարտությունը դեռևս հեռու է հանգուցալուծումից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է ռազմավարական խնդիրներին, ապա արաբագետը նշեց, որ դրանք պայմանավորված են աշխարհաքաղաքական մրցակցությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և, ինչու ոչ, Իրանի բավական լուրջ դերակատարությունը և ազդեցությունը Սիրիայի տարածքում: Այս իրողությունը ևս հաշվի առնելով, ըստ Արմեն Պետրոսյանի, դժվար է ակնկալել, որ ԱՄՆ-ն դուրս կգա, կլքի այդ տարածքները:

«Մյուս կողմից՝ Թրամփի հայտարարությունը կարելի է դիտարկել այն տրամաբանության մեջ, որ, ի վերջո, հակամարտության ավարտից հետո բոլոր արտաքին ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը: Ի դեպ, այս շեշտադրմամբ հայտարարություն միայն Թրամփը չի անում, դա արվում է նաև բոլոր հիմնական արտաքին դերակատարների կողմից: Բնականաբար, այստեղ ակնարկն ավելի շատ ուղղված է աշխարհաքաղաքական մրցակիցներին՝ առ այն, որ հակամարտությունը կարգավորելու համար արտաքին ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը»,-ասաց նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո Միացյալ Նահանգները կարող է հեռանալ Սիրիայից:

«Մենք պատրաստվում ենք շատ շուտով հեռանալ այնտեղից, վերադառնալ մեր երկիր, որին պատկանում ենք, որտեղ ցանկանում ենք լինել»,- ասել է նախագահը: Հատկանշական է, որ Պենտագոնն էլ ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]