Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայ մասնագետների մշակած «Գալակտիկա» համակարգը ֆիքսում է Հայաստանի և հարևանների տարածքներում թռչող բոլոր օբյեկտները

 Հայ մասնագետների մշակած «Գալակտիկա» համակարգը ֆիքսում է Հայաստանի և հարևանների տարածքներում թռչող բոլոր օբյեկտները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է էկրան, որի վրա արտապատկերվում է Հայաստանի և հարևանների տարածքում օդային իրադրությունն իրական ժամանակում`տարբեր կայաններից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում: Էկրանի վրա կանաչ կետերով պատկերվում են թռչող օբյեկտները` քաղաքացիական, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ընդհուպ մինչև անօդաչու թռչող սարքեր, կապույտներով և կարմիրներով` օդանավակայանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ռադիոլոկացիոն վաշտի հրամանատար Արամ Սարդարյանը նշեց, որ «Գալակտիկայի» միջոցով իրենք հնարավորություն են ստանում տիրապետելու օդային իրադրությանն ու գնահատելու, թե տվյալ պահին որտեղ ու ինչ քանակությամբ նշանակետեր կան և որ ուղղություններով են դրանք շարժվում: «Այստեղից ստացված տեղեկությունն ազդարարվում է հակաօդային պաշտպանությամբ զբաղվող բոլոր զորամասերին և արտապատկերվում բոլորի մոտ պլանշետների վրա, որպեսզի տեղի հերթապահներն ամբողջությամբ տիրապետեն օդային իրադրությանը»,-ասաց զինծառայողը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են տարբերակում մեր երկրի սահմաններում հայտնվող վտանգավոր օբյեկտները`Արամ Սարդարյանը ասաց. «Գոյություն ունեն հատուկ սահմանված հեռավորություններ, որից ավելի, եթե մոտենում է չհայտավորված նշանակետը, բոլոր հերթապահ ուժերին բերում ենք բարձր պատրաստվածության, որ կարողանան հետևել տվյալ նշանակետին: Նշանակետերի մեծ մասն ի սկզբանե հայտավորված է լինում. դրանք քաղաքացիական ինքնաթիռներ են, ուսումնական թռիչքներ իրականացնող օդային օբյեկտներ, որոնց շարժվելու հետագծի վերաբերյալ մենք տեղեկացված ենք»:

«Գալակտիկա»-ն մշակած՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ծրագրավորող Սարգիս Հայրապետյանի խոսքով` համակարգն իրականացնում է 24-ժամյա հերթապահություն և իրենք մշտապես աշխատում են դրա կատարելագործման ուղղությամբ: «Ժամանակ առ ժամանակ թարմացվում ու զարգացվում է համակարգը` կայանների թվի շատացման, տարածքի ընդլայնման շնորհիվ»,-ասաց նա:

«Գալակտիկա» համակարգը ներկայացված է «Երևան էքսպո» ցուցահանդեսային սրահում, որտեղ մարտի 29-31-ը անցկացվում է Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված են 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]