Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվը կկրկնապատկվի

Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվը կկրկնապատկվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեցտարի ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նունե Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրականացվում է օտար լեզուների զարգացման հստակ քաղաքականություն:

Հայաստանի մոտ 200 դպրոցում ֆրանսերենը դասավանդվում է որպես օտար լեզու:  Ներկայում շուրջ 45 հազար աշակերտ սովորում է ֆրանսերեն: Նունե Վարդանյանի խոսքով, եթե ցանկություն կա մեկ այլ օտար լեզու սովորելու, ապա երեխաներին պետք է տալ այդ հնարավորությունը: Նախարարության կողմից մշակվեց օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր օտար լեզուների զարգացման համար:

Մեկնարկեց պիլոտային ծրագիր, որում ընդգրկվեց 10 դպրոց Երևանից, Կոտայքից, Վայոց ձորից, Սյունիքից, Շիրակից, Լոռուց: Դրանցում ներդրվեց ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիր: Նունե Վարդանյանի խոսքով, սա ենթադրում է, որ ֆրանսերենն, ինչպես ռուսերենը սկսում են անցնել երկրորդ դասարանից: Այս դպրոցների համար մշակվեցին չափորոշիչներ, ծրագիր, ընտրվեցին դասագրքեր, որոնք բերվում են Ֆրանսիայից: Արդյունքում 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաներն ունենում են B1 մակարդակ, որը եվրոպական գնահատման համակարգում համարվում է լեզվի միջին իմացություն:

«Արձագանքը շատ չուշացավ: Թե երեխաները, թե ծնողները շատ ոգևորված են: Հետաքրքրություն կա նաև այլ դպրոցների շրջանում: Ցանկություն հայտնողներ կան, որ իրենց մոտ նույնպես ներդրվի այս ծրագիրը: Այժմ քննարկվում է, որ հաջորդ տարվանից այդ դպրոցների թիվը կրկնապատկվի՝ փորձը տարածելով այլ մարզերում ևս»,-ասաց նա: Նունե Վարդանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Մասիս քաղաքում ստեղծել Թումոյի նմանօրինակ կենտրոն, բայց ֆրանսալեզու: Դա կնպաստի այդ քաղաքում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրության աճին:

Նունե Վարդանյանի խոսքով, իրենց շատ օգնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը: Հայաստանը ներգրավվել է տարբեր ծրագրերում և աշխատում է մի քանի ուղղություններով: Դպրոցականները կարող են մասնակցել ամառային ճամբարների, ֆրանսերենի միջազգային օլիմպիադաների:

«Եվ ես ասեմ, որ արդյունքները վատը չեն: 119 դպրոցի սաները սովորաբար առաջին, երկրորդ տեղերով են գալիս: Կարողանում են մրցել իրենց հասակակիցների հետ: Ռումինիայում, օրինակ, ֆրանսերենը բարձր մակարդակի վրա է, սակայն մեր երեխաները չեն զիջում, մրցունակ են և կարողանում են հաղթել: Ուրեմն մենք պետք է մտածենք, թե դպրոցներում ինչ ենք փոխում, որ երեխան կարողանա այդ անհրաժեշտ գիտելիքը վերցնել: Ասեմ, որ համագործակցության շրջանակում ուսուցիչների համար յուրաքանչյուր տարի իրականացվում է վերապատրաստում: Իրենց մասնագետները գալիս են և աշխատում մեր ուսուցիչների հետ: Ամեն տարի 50 ուսուցիչ կարողանում ենք վերապատրաստել»,-հավելեց նա:

Ի դեպ, կա եռակողմ համաձայնագիր թիվ 119 դպրոցի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ ԿԳ նախարարության միջև: Ըստ դրա, 119 դպրոցի բազայի հիման վրա ստեղծվել է լիցեյ, այն որպես ավագ դպրոց է, որտեղ սովորում է մոտ 20-22 երեխա: Ավարտելուց հետո նրանք ստանում են Հայաստանի ու Ֆրանսիայի ատեստատներ: Երեխաները կարող են Ֆրանսիայի ատեստատով ընդունվել եվրոպական բուհեր: Հաստատությունն արդեն շրջանավարտներ ունի, մի մասն ընտրել է Հայաստանի, մի մասը այլ երկրների բուհեր: Նունե Վարդանյանը նշեց, որ այս փորձը ևս պետք է ուսումնասիրվի և տարածվի մյուս մարզերում:

Նունե Վարդանյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կարևորեց նաև համալսարանական համագործակցությունը: Մեր երիտասարդ հետազոտողները, դասախոսները կարողանում են փորձի փոխանակում իրականացնել, մասնակցել տարբեր ծրագրերի: Այդ համատեքստում Հայաստանի հինգ բուհ ակտիվ աշխատում է՝ ԵՊՀ, Ֆրանսիական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան:

Քանի որ 2018 թվականը ֆրանկոֆոնիայի տարի է, հետևաբար բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում ուսումնական հաստատություններում: Մեկնարկը տրվել է մարտի սկզբին, անցկացվում են բաց դասեր, շարադրությունների մրցույթներ, կազմակերպվում են բեմադրություններ, նախատեսված են ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն, ֆրանսիական հեքիաթների ներկայացում և այլն:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]