Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիլնյուսում Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթի շրջանակում տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը

Վիլնյուսում Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթի շրջանակում տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի 
ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում մարտի 27-ին ֆրանսիական ինստիտուտը Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ֆրանկոֆոնիայի օրվա առթիվ Վիլնյուսում կազմակերպել էր Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ արդեն ավանդական դարձած Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթը լավ հնարավորություն է ընձեռում վերահաստատելու ՖՄԿ անդամ պետությունների հանձնառությունն այն համամարդկային արժեքներին, որոնց դավանում է կազմակերպությունը՝ խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ֆրանկոֆոն նախաձեռնություններին՝ Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր, բազմապատկված եռանդով և պատասխանատվությամբ է վերաբերվում Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածմանն ու ամրապնդմանը և ջանք չի խնայում սպասվելիք միջոցառումներն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:

Իր խոսքում դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Լիտվայում ֆրանսիական ինստիտուտին դեսպանության առաջարկն ընդունելու և «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար: Դեսպանը նշեց, որ ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիքի մասին, որն իր փրկությունն է գտնում Ֆրանսիայում, և ներկայացնում հայկական համայնքի ձևավորման պատմությունը:

Այս համատեքստում Տիգրան Մկրտչյանը հատկանշական համարեց այն մեծ համակրանքը և կապվածությունը, որ հայերն ունեն ֆրանսիական մշակույթի, և ընդհանրապես ֆրանկոֆոնիայի նկատմամբ՝ ընդգծելով նաև Ֆրանսիայում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարությունն այս գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]