Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններ, որի վառ վկայությունը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու փաստն է: ԱԺ նախագահը երախտագիտություն է արտահայտել 2015թ. ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում:

Նշելով, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման եւ պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել եւ աջակցելու են Կիպրոսին:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցության, ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրա: Կողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում կայանալիք Հայաստան այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին եւ առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]