Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չնայած Հայաստանում քութեշի դեպքերի ավելացմանը՝ հիվանդության բռնկման վտանգ չկա

Չնայած Հայաստանում քութեշի դեպքերի ավելացմանը՝ հիվանդության բռնկման վտանգ 
չկա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է քութեշի 109 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակի 68-ի համեմատ: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Ֆեյսբուքյան խմբերից մեկում հայաստանցի ծնողները մտահոգություն են հայտնել իրենց մանկահասակ երեխաների շրջանում թե ամանորյա օրերին, թե վերջերս քութեշի բավականին շատ դեպքերի հետ կապված: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:

«Նախորդ տարվա փետրվարին արձանագրվել է 44 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակում՝ 54: Սակայն դեպքերի հաշվարկը համաճարակաբանական տեսակետից ճիշտ չէ մեկնաբանել բացարձակ թվերով: 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա փետրվարին ցուցանիշը կազմել է 1.5, այս տարի՝ 1.8: Աճը շատ չնչին է: Թվի ավելացումը քութեշ հիվանդության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման և դեպքերի ակտիվ հայտնաբերման արդյունք է»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ քութեշի բռնկման  վտանգ չկա:

Քութեշը բնորոշ է միայն մարդկանց: Այն հիմնականում արտահայտվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով և մանր կետավոր ցանով: Այս հիվանդության հիմնական թիրախային խումբը 2-10 տարեկան երեխաներն են: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 39-40 աստիճան: Հիվանդները գանգատվում են գլխացավից, ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից, երբեմն կրկնվող փսխումներից: Վարակի աղբյուր հանդիսանում են միայն հիվանդ անձինք: Լիարժեք չբուժվելու դեպքում մարդը կարող է դառնալ առողջ վարակակիր: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց երեխաների դեպքում չի բացառվում նաև կոնտակտային ճանապարհը:

Թորոսյանը հորդորեց առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը չդառնա առողջ մանրէակիր, և կանխվի հիվանդության տարածումը: Բժշկի դիմելու դեպքում բարդությունները բավականին քիչ են լինում: Հիվանդությունը շատ հեշտ է բուժվում: Սակայն եթե հիվանդության 4-5-րդ օրը օրգանիզմը շատ թույլ է, կարող են զարգանալ էնդոկարդիտներ, մի խումբ լիմֆատիկ գեղձերի բորբոքումներ, հոդերի ախտահարումներ:

«Քութեշի բռնկման վտանգ չկա այս պահին: Հիվանդացության 10 դեպքով բարձրացումը չի կարելի վտանգ համարել: Առհասարակ քութեշով բռնկումներ շատ հազվադեպ են գրանցվում»,-եզրափակեց Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]