Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը շարունակելու է մարդկության դեմ հանցագործությունների հարցին ուղղված իր ջանքերը միջազգային հանրության գործընկերների հետ

Հայաստանը շարունակելու է մարդկության դեմ հանցագործությունների հարցին 
ուղղված իր ջանքերը միջազգային հանրության գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդանշական է, որ ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը վերապրած հայ ժողովուրդը, որը վերածնվել է, միջազգային հանրության կարծիքով, այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը նախաձեռնել է Հայաստանը:

«Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի հետ, որն ընդունվել էր 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա դեռ 1944 թվականին շրջանառության մեջ մտցրեց «ցեղասպանություն» եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը: Եվ պատահական չէ, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնևում` Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձևի, մենք անցկացնելու ենք Հայաստանում Գլոբալ ֆորում` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը: Ժնևում ընդունված այս վերջին բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարևոր է կանխարգելման տեսանկյունից։ Ընդգծում է, որ անպատժելիությունը և ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում: Հիշեցնեմ, որ 2015 թվականին մենք նույնպես նախաձեռնել էինք ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձև, որն ընդունվեց Ժնևում»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով Լյուքսեմբուրգի արտգործնախարարին այս բանաձևերի ընդունման գործում աջակցելու համար:

Նա հիշեցրեց, որ այս անգամ էլ, ինչպես 2015 թվականին, Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձևը։

«Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, և բանաձևն անցել է կոնսենսուսով: Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար: Կարծում եմ՝ մի շարք երկրներ գալիք օրերին ևս կմիանան դրան: Հիշեցնեմ նաև, որ մեր նախաձեռնությամբ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր: Արդեն նշեցի, որ հենց այս դեկտեմբերին մենք կազմակերպելու ենք նաև Գլոբալ ֆորում Հայաստանում, որի գլխավոր թեման է լինելու Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կրթության միջոցով: Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետև անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ, եւ, իհարկե, դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար: Հայաստանն այս առումով շարունակելու է ջանքերը միջազգային հանրության` գործընկեր երկրների, միջազգային կառույցների հետ միասին»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]