Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

11-ամյա քանոնահար Մերի Մուսինյանն առաջիկայում ելույթ կունենա Սպիվակովի հետ

11-ամյա քանոնահար Մերի Մուսինյանն առաջիկայում ելույթ կունենա Սպիվակովի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 11-ամյա քանոնահար Մերի Մուսինյանն արդեն հանդես է եկել աշխարհի 10 երկրների բեմերում: Փոքրիկ քանոնահարուհին առաջիկայում շատ երկրներում ևս կներկայանա հայկական ազգային նվագարանով, ելույթ կունենա նաև աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Մերին նշեց՝ ուրախ է, որ իրեն հաջողվել է Հայաստանի անունը բարձր պահել:

«Մայրիկս շատ էր սիրում քանոն, ընտրությունն այդպես է կայացել: 6 տարեկանից գնացել եմ դասերի: Սկզբում ես քանոն չունեի, նվագում էի բարձի վրա, մատների աշխատանք էի կատարում: Վեց ամիս հետո առաջին անգամ հանդես եկա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մայրիկս հարցրեց՝ ուզում եմ շարունակել, ես պատասխանեցի՝ այո: Մինչև հիմա նվագում եմ և անպայման կշարունակեմ»,-ասաց Մերի Մուսինյանը:

Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը փաստում է՝ ծրագրի շրջանակում Մերին ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Ռուսաստանում, Ավստրիայում: «Միացյալ Նահանգներում հանդես է եկել մի քանի անգամ: Նախորդ տարի հոկտեմբերին մեր խումբն այնտեղ մասնակցել է պատվաբեր երեք համերգների: Մեկը կայացել է Կոնգրեսում, որտեղ առաջին անգամ մեր ազգային նվագարանով հանդես է եկել նաև Մերի Մուսինյանը: Ելույթ է ունեցել նաև Համաշխարհային բանկի սրահում, ինչպես նաև հայկական համայնքի համար»,-ասաց նա:

Մերիի ուսուցչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի փաստմամբ՝ 11-ամյա քանոնահարուհին հանդես է եկել մոտ 10 երկրներում, որոշներում նույնիսկ մի քանի անգամ: Ուսուցչուհին հիշեց նաև՝ նախորդ տարի Ճապոնիայում Մերիի ելույթի ժամանակ ճապոնացիները չոքել էին հատակին և նկարում էին ողջ ընթացքը: «Մոտ ժամանակներս Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի շրջանակում 11-ամյա քանոնահարուհին կմեկնի ԱՄՆ, ապա Մալթա, Ֆրանսիա: Փառատոններից մեկի շրջանակում հանդես կգա նաև Վաշինգտոնում: Իսկ այս տարվա աշնանը՝ հոկտեմբերին Սպիվակովի հետ ելույթ կունենա Մոսկվայում»,-ասաց նա:

Չնայած այդ զբաղվածությանը՝ Մերին ասում է՝ դպրոցի դասերի հետ հեշտ է համատեղում շրջագայությունները: Դպրոցում գերազանց է սովորում: «Ուրախ եմ, որ ինձ հաջողվել է  Հայաստանի անունը բարձր պահել»,-նշում է նա:

Մերի Մուսինյանը նաև հատուկ հրավեր է ստացել և մասնակցել ռուսական "Лучше всех !" հեռուստամրցույթին: 11-ամյա աղջիկը սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]