Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/103. «Մարգարեն», «Ալքիմիկոսը», «Տափաստանի գայլը» գրքերն ամենավաճառվածներից են

Երևանյան բեսթսելեր 4/103. «Մարգարեն», «Ալքիմիկոսը», «Տափաստանի գայլը» գրքերն 
ամենավաճառվածներից են

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գրքի խմբագիրն է Հովհաննես Այվազյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը երկրորդն է: Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում Շանել N:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, փրկում է մահապատժից հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սեն-Սանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով: Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար բուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը: Այստեղ բացահայտվում է, որ նրա երաժշտությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև ամենաուղիղ իմաստով հոգի բուժելու հատկություն: Ժամանակակից հայկական երաժշտության հիմնադրի կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի չկա ապացույց, որ այս պատմությունը ճշմարիտ չէ: Գիրքը ռուսերեն բնագրից թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Հինգ հորիզոնականով իր դիրքը բարելավել և չորրորդ տեղում է հայտնվել բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրել  Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և վեցերորդ տեղն է գրավել  գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի գիրքը՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափին սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուսներին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Յոթերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանել է Հայկ Ֆելեքյանը:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը ութերորդն է: Վեպը պատմում է նկարչի մասին, ով, ծանոթանալով Դորիան Գրեյի հետ, սիրում է նրան: Գրքում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականն արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել՝ Աշոտ Գաբրիելյանը:

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը վերադարձել է մեր աղյուսակ՝ հայտնվելով իններորդ տեղում: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը, խմբագրել՝ Նունե Թովմասյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչ՝ Արա Առաքելյան, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 36
2 Մարկ Արեն «Վիլ-Էվրար» Բուկինիստ 31
3 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 27
4 +5 Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 11
5 * Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» Անտարես 9
6 -2 Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» Անտարես 8
7 Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Անտարես 8
8 * Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 8
9 * Խալիլ Ջիբրան «Մարգարեն» Քյուրքչյան 8
10 * Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» Անտարես 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]