Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մարտի 22-ին կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով ներկայացվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Զեկուցողի խոսքով՝ արձանագրված հիմնական խնդիրները  վերաբերում են ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների ընթացակարգերի հստակեցմանը, որոշումների ընդունման գործընթացում ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության անբավարար լինելուն: Ներկայացվել են նաև հետազոտության շրջանակում մշակված առաջարկությունները՝ ազդեցության փորձաքննական գործընթացների կատարելագործման, հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են արտահայտել ներկայացված հետազոտության արդյունքների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, քննարկել զեկույցում բարձրացված հարցադրումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ:

Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ