Կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները կմատուցվեն նաև ՀՀ հյուպատոսական հիմնարկներում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնք հնարավորություն կընձեռեն արտասահմանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն): «Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց ստեղծված հնարավորության մասին պատշաճ իրազեկել մեր հայրենակիցներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում