1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յուրաքանչյուր 100 դրամ կարող է կյանք փրկել. «Ֆոնդ 100»-ն աջակցել է քաղցկեղով հիվանդ 15 երեխայի

Յուրաքանչյուր 100 դրամ կարող է կյանք փրկել. «Ֆոնդ 100»-ն աջակցել է քաղցկեղով 
հիվանդ 15 երեխայի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն իր մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում հավաքագրել է 18 մլն դրամ և աջակցել քաղցկեղով հիվանդ 15 երեխայի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բալոյանը նշեց, որ ժամանակի ընթացքում իրենց գործընկերների թիվն ավելանում է:

«Այնպես չէ, որ այդ 15 երեխաներին միայն մենք էինք ֆինանսավորում: Ինչպես գիտեք, քաղցկեղ հիվանդությունը երկարատև, հետևողական, ծախսատար բուժում է պահանջում: Մեզ զուգահեռ այլ կազմակերպություններ ևս աջակցում էին, մասնավորապես « Նվիրի կյանք» հիմնադրամը, «Առողջության կամուրջ» հիմնադրամը, «Գյանջումյան» հիմնադրամը, առանձին անհատներ և այլն: Սովորաբար աշխատում ենք միասին: Ասեմ, որ վեց երեխաներն ապաքինվել են, արդեն դուրս են գրվել, իրենց առօրյա կյանքով են ապրում: Երեխաներից 8-ը դեռ բուժվում է: Այս ընթացքում, ցավոք, մեկ երեխայի մահ գրանցվեց, նրա մոտ հիվանդության վերջին փուլն էր»,-ասաց Տիգրան Բալոյանը:

Հիմնադրամի ստեղծման գաղափարն հղացավ՝ ելնելով մի պատմությունից: Տարիներ առաջ, երբ այսքան տարածված չէր սոցիալական ցանցերով բուժման համար աջակցություն խնդրելը, մի աղջիկ՝ Էլեն Քալաշյանը, դիմել էր հանրությանը, որպեսզի կարողանա բուժման համար հավաքել մոտ 4 մլն դրամի չափով գումար:

«Ավանդույթի համաձայն դիմել էր մեծահարուստներին, ոմանք տվել էին, ոմանք՝ ոչ: Ես կարծում եմ, որ պետք է կոտրվի այն կարծրատիպը, թե պետք է միայն հարուստներն օգնեն: Ճիշտն այն է, որ բարեգործություն ունենալու հնարավորություն ունենան բոլորը, անկախ նրանից, թե որքան գումար են նվիրաբերում: Էլենի պատմությունը մեծ հնչեղություն ունեցավ, շատերն ուզում էին թեկուզ քիչ գումարով իրենց ներդրումն ունենալ, իսկ մեխանիզմները լավ զարգացած չէին: Ահա մենք որոշեցինք հիմնել այս հիմնադրամը, որի միջոցով մարդիկ կկարողանան 100 դրամից սկսած իրենց նվիրատվությունն անել: Պատկերացրեք, թե որքան գումար կկազմի, եթե ասենք 300-400 հազար մարդ նվիրաբերի ամիսը 100 կամ 200 դրամ: Այդ 100 կամ 200 դրամն իրենց համար էական նշանակություն չունի, սակայն ընդհանուր գործի համար մեծ ազդեցություն ունի, քաղցկեղով հիվանդ երեխաներին տրամադրվող աջակցությունն այդ գումարով շարունակվում է»,--ասաց նա:

Հիմնադրամը որոշեց նոր մշակույթ ներմուծել բարեգործական աշխատանքում: Տիգրան Բալոյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում դեռ շարունակում է մնալ այն մոտեցումը, որ հիվանդությամբ տառապող երեխաների պատմությունները ներկայացնելով, հիմնադրամները, բարեգործական միջոցառումներ իրականացնողները փորձում են, մարդկանց վրա հոգեբանորեն ազդելով, ստանալ նրանց աջակցությունը:

«Մենք փորձում ենք գնալ այլ ճանապարհով: Հասկացանք, որ կարելի է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով քարտերով հնարավոր կլինի մեկ անգամ փոխանցում անել, որից հետո ցանկության դեպքում համակարգն ամեն ամիս ավտոմատ ձևով քարտից կքաշի գումարը: Այսինքն՝ պետք չէ մարդկանց ծանրաբեռնել այն մտքով, թե այս կամ այն երեխան օգնության կարիք ունի աջակցեք: Նրանք վստահ կլինեն, որ իրենց կողմից ամեն ամիս գումար տրվում է և երեխաներին օգնելու գործն առաջ է գնում»,-ավելացրեց Տիգրան Բալոյանը:

Հիմնադրամն ուղղակիորեն փող չի տրամադրում հիվանդին, նախ կապ է հաստատվում բժշկի հետ, քննարկվում է, թե ինչ ուղղությամբ աջակցության անհրաժեշտություն կա, նոր դրանից հետո իրականցվում է: Տիգրան Բալոյանը տեղեկացրեց, որ հաջողվել է հոլանդական մի հիմնադրամի հետ կապ հաստատել, և արդյունքում կարողանում են քաղցկեղի բուժման հետ կապված դեղերը հայթայթել մատչելի ճանապարհով: Արդեն մեկ խմբաքանակ Հայաստանում է: 

Տիգրան Բալոյանը նշեց, որ կարևորում են թափանցիկ գործունեությունը: Հիմնադրամի կայքում պարզ ներկայացված է, թե ովքեր են գումար տրամադրել, որքան է հավաքվել, որքանն է ծախսվել, ինչ նպատակներով: «Չերևացող բան չկա»,-վստահեցրեց Տիգրան Բալոյանը:

Օրերս «Ռադիո Վան»-ի կողմից անցկացված «Van Music Awards 2017» երաժշտական մրցանակաբաշխության ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ֆոնդ 100»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]