Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սեւան քաղաքը նախապատրաստվում է Ֆրանկոֆոնյան միջոցառումներին

Սեւան քաղաքը նախապատրաստվում է Ֆրանկոֆոնյան միջոցառումներին

ԳԱՎԱՌ, 21 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն իններորդ տարին է, ինչ ֆրանկոֆոնյան օրերին իր մասնակցությունն է ունենում Սեւան համայնքը, որը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 14-ամյա կենսագրություն ունի:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, առաջիկայում կնախապատրաստվի, կնկարահանվի եւ կներկայացվի «Միասին խոսենք հայերեն» ուսուցողական տեսաշարի 3-րդ մասը, որի նախորդ 2 մասերն արդեն իսկ հասցրել են արժանանալ ուշադրության: «Ֆրանկոֆոն արժեքները չեն շրջանցում նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունները. Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, որոնք ներառում են շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտները:

Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, որպես 3-րդ օտար լեզու, ուսուցանվում է ֆրանսերենը, ուստի դպրոցի աշակերտներն ամեն տարի հանդես են գալիս նոր գաղափարներով: Բացառություն չի լինելու նաեւ այս տարին: Միամսյակի շրջանակներում նախատեսված է անցկացնել «Իմացիր ֆրանկոֆոնիայի պատմությունը» բաց դաս, Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների պատմամշակութային հուշարձանները» դասղեկի ժամ, «Ֆրանսիայի եւ Հայաստանի տեսարժան վայրերը» պատի թերթի եւ «Ես լավ գիտեմ ֆրանսերենը» թեմաներով մրցույթներ, «Մենք հայ-ֆրանսիական բարեկամության շարունակողն ենք» թեմայով ցերեկույթ:

Սեւանի պետական քոլեջում եւս ուսուցանվում է ֆրանսերեն լեզուն, որը քոլեջում գործող այլընտրանքային էներգիայի ստացման լաբորատորիայում գործունեություն իրականացնելու բաղադրիչներից մեկն է:

Քոլեջի ուսանողներն ամռան ընթացքում իրենց ֆրանսիացի հասակակիցների հետ մասնակցում են ամառային աշխատանքների, որը ֆիլմի տեսքով կցուցադրվի այս օրերին: Տարիներ շարունակ Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները ֆրանկոֆոն օրերը հիշարժան կդարձնեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: «Բոհեմ» արվեստանոց -թեյարանը մեկամսյակի շրջանակներում կհրավիրի ֆիլմի դիտման՝ ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներին ծանոթանալու եւ ֆրանսիական երգերի երեկոյի: Մեր քաղաքում Ֆրանկոֆոնյան գարունը համախմբել է ֆրանկոֆոն արժեքներ կրող եւ դրանք զարգացնող մի շարք կազմակերպությունների եւ հաստատությունների:

Սեւանի համայնքապետարանը, համագործակցելով Սեւանի միջազգային Ֆրանկոֆոն ակումբի, «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի», Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության, «Սեւանի երիտասարդական ակումբի» հետ, սեւանցի մեծ ու փոքրին կպարգեւի ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի հետ հաղորդակցվելու լավագույն առիթներ, բովանդակալից միջոցառումներ»,-հավաստեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]