Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբուժական կազմակերպություններում հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր: Խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր հոգեբուժարանների վարակազերծման համար նախատեսված մետաղական արկղերում: Այդ դեղերն օգտագործում են որպես պացիենտների բուժման հիմնական դեղամիջոց կամ նախատեսված են առաջին օգնության տրամադրման համար: Արձանագրվել են դեպքեր, երբ դեղաթիթեղները կտրված են եղել այնպես, որ ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է: Նույնիսկ առանձին դեպքերում բժշկական անձնակազմը չի կարողացել նշել դեղերի պիտանիության ժամկետը»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ այդ հարցը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ, նյութերն ուղարկել են ուսումնասիրություն սկսելու համար:

Նա խնդրահարույց համարեց նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլ նաև շրջակա միջավայրի համար: Օրինակ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում բժշկական թափոնները պարզապես այրվում են դրան կից դիահերձարանի մոտակայքում:

«Որոշ հոգեբուժական կազմակերպություններում պացիենտները հնարավորություն ունեն հաստատություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերել, որոնք չեն վերահսկվում:  Օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում պացիենտներից մեկի մոտ առկա անալգինի, ակտիվացված ածուխի և անհայտ ծագման դեղամիջոցի մասին բուժանձնակազմը տեղեկացված չի եղել: Առանց պատշաճ հսկողության դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կյանքի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ պետք է մշակել բաժանմունքներում պացիենտների սեփական միջոցներով ձեռք բերված դեղամիջոցների պատշաճ պահպանման կանոններ, սահմանել անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմներ:

Արձանագրվել են նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտման դեպքեր: Օրինակ՝ դեղերի համար նախատեսված արկղում առկա են եղել նաև այլ դեղերի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տուփեր: Հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանի տվյալները բացթողումներով և մատիտով լրացնելու դեպքեր ևս առկա են: Այս հարցով նույնպես նյութերն ուղարկել են  Գլխավոր դատախազություն:

2017-ին հոգեբուժական  կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերը կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների՝ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բժիշկների և հոգեբույժների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի համաձայն և հատուկ մեթոդաբանությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]