1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Բացարձակ անհրաժեշտ» տերմինը վերաբերում է ուժի կիրառմանը, ոչ թե մահերին. Կոստանյանը՝  մարտի 1-ի դեպքերի մասին  

«Բացարձակ անհրաժեշտ» տերմինը վերաբերում է ուժի կիրառմանը, ոչ թե մահերին. Կոստանյանը՝  մարտի 1-ի դեպքերի մասին  

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կտրականապես հերքում է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները, թե Հայաստանի կառավարությունը 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ին տրված առարկություններում ասել է, որ մարտի 1-ին գրանցված մահվան դեպքերը «բացարձակ անհրաժեշտություն են եղել»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ ընդդիմադիրները նման հայտարարություններ են անում՝ հիմնվելով ՄԻԵԴ-ին կառավարության ներկայացրած 55-էջանոց փաստաթղթի առաջին և վերջին էջերի վրա, ինչը խնդիրներ է առաջացնում: «Եվրոպական դատարանը, երբ գործը վարույթ է ընդունում, կողմերին տալիս է հարցեր, որոնց կողմերը պետք է պատասխանեն: Կառավարությունն իր պատասխանի առաջին էջում գրում է, որ Եվրոպական դատարանի կողմից կառավարությանը տրվել են հետևյալ հարցերը և շարադրում է հարցերը: Եթե դուք կարդաք այդ փաստաթուղթը և ոչ թե միայն լուսանկարեք և հրապարակեք, կտեսնեք, որ Եվրոպական դատարանը հարց է տալիս՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ և առաջացրե՞լ է մարդու կյանքի իրավունքի խախտում, թե ոչ: Սա Եվրոպական դատարանի հարցադրումն է, ոչ թե կառավարությունն է այդպես ասում: Ընդ որում, «բացարձակ անհրաժեշտ»-ը չակերտների մեջ է գրված, որովհետև դա կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը կամ զենքի կիրառումը, որը պետական ծառայողի կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ և «բացարձակ անհրաժեշտ»: «Բացարձակ անհրաժեշտ»-ը նշանակում է՝ արդյոք ոստիկանը այլ ելք չի ունեցել, դրա համա՞ր է ուժ կիրառել: Պատահական չէ, որ հենց Եվրոպական դատարանն է չակերտների մեջ վերցնում այդ բառակապակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կոստանյանը:

Նա փաստեց, որ տվյալ դեպքում բացարձակ անհրաժեշտությունը վերաբերում է ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին: «Հարցադրման մեջ Եվրոպական դատարանը կառավարությանը խնդրում է մանրամասն ներկայացնել, թե մահվան յուրաքանչյուր դեպքով ինչ է կատարվել և ինչ է կատարվում: Կառավարությունը 55-էջանոց առարկության մեջ առանձին-առանձին մահվան բոլոր դեպքերին անդրադարձել է և փաստել, որ մահվան դեպքերով քննությունը շարունակվում է: Կառավարությունը իր ներկայացրած առարկությունների 55 էջում նշում և հիմնավորում է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, որովհետև դա ուղղված էր հասարակական կարգի պահպանությանը»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը շեշտեց, թե կառավարությունը փաստել է, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ և չի առաջացրել կյանքի իրավունքի խախտում: «Բայց մենք չենք կարող ժխտել 10 մահվան փաստը, մենք չենք կարող ժխտել, որ 10 մահով քրեական գործեր են հարուցված: Մենք մինչև  հիմա մարտի 1-ի մահվան դեպքերով քրեական գործեր ենք քննում, հետևաբար աբսուրդ ու անհեթեթ կլիներ իմ կողմից՝ որպես կառավարության ներկայացուցիչ, նման հայտարարություն անելը: Նման մեջբերումներն աբսուրդ են: Իսկ այդ առարկությունների երկու էջի հրապարակումը էթիկայի խախտում է: Ինչևէ, ես ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել՝ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը կոնվենցիոն է, որը վերաբերում է ուժի կիրառմանը, որովհետև մարդու մահվան կամ սպանության բացարձակ անհրաժեշտության մասին խոսելն անհեթեթություն է»,- եզրափակեց Կոստանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]