Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

IDeA-ի համահիմնադիրներն այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան

IDeA-ի համահիմնադիրներն այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ», RVVZ և  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը մարտի 20-ին այցելել են Հայաստանի Ամերիկյան համալսարան։

Համալսարանի Մանուկյան դահլիճում Ռուբեն Վարդանյանը համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի և աշխատակիցների առջև հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է IDeA հիմնադրամի գործունեության նպատակները, խոսել կրթության կարևորության, Հայաստանի կայուն զարգացման անհրաժեշտության մասին։ Ռուբեն Վարդանյանի խոսքերով, հայ ժողովուրդը պետք է դուրս գա գոյատևման մոդելից ու անցում կատարի բարգավաճման։ «Մեծ երազանք ունենալու համար պետք է խիզախ լինել, որովհետև մեծ երազանք ունենալը նշանակում է, որ պատրաստ ես ձախողել։ Առանց ձախողելու պատրաստակամության հնարավոր չէ հասնել հաջողության»,- դիմելով ուսանողներին ՝ նշել է սոցիալական ներդրողն ու գործարարը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Ռուբեն Վարդանյանը եզրափակել է իր ելույթը՝ ասելով․ «Ես հուսով եմ, որ, սովորելով Հայաստանի Ամերիկյան համալսարանում, դուք ոչ միայն գիտելիքներ եք ստանում լավագույն դասախոսներից, այլև սովորում եք լինել խիզախ, սովորում եք գործել, վստահել, միավորել, ստեղծել։ Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել»։

Ելույթից հետո համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանին՝ հետաքրքրվելով IDeA հիմնադրամի գործունեության, տեղական համայնքների զարգացման, հայկական ինքնության պահպանման, կրթության զարգացման հեռանկարների մասին։ 

«Մեր ուսանողները, դասախոսները և աշխատակիցները միշտ ուրախ են լսել Ռուբենին։ Նա ներշնչանքի աղբյուր է բոլորիս համար, ազնվության ու վեհանձնության օրինակ»,- ասել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Կյուրեղյանը։

Հարց ու պատասխանից հետո Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են այն ուսանողների հետ, որոնք ուսանում են համալսարանում  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Scholae Mundi Armenia հիմնադրամի համատեղ կրթաթոշակներով։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ է տրամադրում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է, որի շրջանակում Մերձավոր Արեւելքի հինգ երկրների ուսանողներ մինչեւ 2023թ. կստանան կրթաթոշակներ՝ ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ներկայում Ամերիկյան համալսարանում այս կրթաթոշակով ուսանում է 10 ուսանող։

«Այս կրթաթոշակը շատ ավելին է, քան ֆինանսական աջակցությունը։ Ես տեսա, թե ինչպես մարդիկ կարող են օգնել միմյանց՝ առանց որևէ բան ակնկալելու, և սա վերականգնեց իմ հավատն առ մարդկությունը։ Հայաստանն ու ՀԱՀ-ը իմ պատմության գեղեցիկ մասն են»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Scholae Mundi Armenia հիմնադրամի համատեղ կրթաթոշակով  ՀԱՀ-ում սովորող Ռիյադ Ռահդին։ 

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վերոնիկա Զոնաբենդը, ով նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ է, հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ընդլայնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Scholae Mundi Armenia հիմնադրամի համատեղ կրթաթոշակով սովորող ուսանողների աշխարհագրությունը՝ ընդգրկելով ուսանողներ Վրաստանից և Իրանից։

Դիմելով ուսանողներին՝ նա ասել է․ «Մենք հավատում ենք ձեզ։ Դուք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի ապագան եք և կարևոր արժեքներ դավանող նոր առաջնորդներ։ Հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում, և հավատում, որ դուք դառնալու եք Հայաստանի դեսպաններ աշխարհում»։  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ