Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Տրամվայ «Ցանկություն» ներկայացումը նոր դերակատարներով բեմադրվելու է Երևանի դրամատիկական թատրոնում

«Տրամվայ «Ցանկություն» ներկայացումը նոր դերակատարներով բեմադրվելու է 
Երևանի դրամատիկական թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահե Շահվերդյանի բեմադրված՝ Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» պիեսը 20 տարի անց նոր շունչ է առել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայտնեց, որ արդեն երրորդ անգամ են ներկայացումը ցուցադրում, եւ ամեն անգամ դահլիճը լեփ- լեցուն է:

«Տրամվայ «Ցանկություն» պիեսը ամբողջ աշխարհով ցուցադրվել է ե՛ւ բեմականացված, ե՛ւ էկրանավորված տարբերակով: Հայաստանում երկրորդ բեմադրությունն է: Առաջին անգամ բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Նելլի Խերանյանը եւ Մուրադ Ջանիբեկյանը: Ճիշտ է, ներկայացումը չեմ դիտել, բայց արձագանքներն եմ լսել: Այն ուրույն, հետաքրքիր բեմական լուծումներով արված ներկայացում էր: Ահա 20 տարի անց, արդեն Սուրեն Շահվերդյանը պիեսը բեմադրել է Դրամատիկական թատրոնում: Այս ստեղծագործությունը, կարծես, երկրորդ ծնունդ  է ստացել»,- ասաց Լուիզան:

Դերասանուհին պատմեց, որ Թեննեսի Ուիլյամսի  «Տրամվայ «Ցանկություն» պիեսը դժվար կյանքով ապրող երիտասարդ կնոջ մասին է: Նա հուսահատ վիճակից ելք է փնտրում, սակայն շրջապատը ընկածին օգնելու փոխարեն նրան հրում է դեպի վերջնական կործանում:

Դրամատիկական թատրոնում ներկայացումը կկայանա մարտի 28-ին: Գլխավոր դերերում հանդես կգան Լուիզա Ղամբարյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արամոն:

Լուիզան մարմնավորում է գլխավոր հերոսուհու՝ Բլանշ Դյուբուային: «Բլանշն ազնվական մի կին է, որն ապրում է իր ստեղծած երեւակայական աշխարհում: Դրա պատճառով նա կոնֆլիկտի մեջ է մտնում հասարակության եւ իր քրոջ հետ: Ամեն ինչ սկսվում է, երբ հերոսուհին կորցնում է իր ունեցվածքը, եւ կացարան փնտրում քրոջ մոտ: Քույրն ամուսնացած է այնպիսի մարդու հետ, ով կապ չունի ազնվական արժեքների եւ բարձրաստիճան գաղափարների հետ: Բլանշը, այլընտրանք չունենալով, հաստատվում է քրոջ մոտ եւ բախվում ապրելակերպի այնպիսի արմատական փոփոխությանը, որի հետ շատ սիրով համակերպվել էր քույրը: Այստեղ ոչ միայն կենցաղային խնդիրների տարբերությունն է, այլեւ գլխավոր հերոսուհու եւ իր քրոջ ամուսնու ներաշխարհների, բնավորությունների տարբերությունը: Գնալով հարաբերությունները սրվում են: Վերջում էլ գլխավոր հերոսուհին դժբախտանում է»,- հավելեց դերասանուհին: 

Լուիզան նշեց, որ այս ստեղծագործությունն իրեն շատ է դուր եկել եւ դասում է այնպիսիս ստեղծագործությունների շարքում, որոնք լավագույն են իր համար: «Բլանշի կերպարն ինձ համար մեծ աշխատանք է պահանջում: Իսկ այն, ինչին տրամադրում ես էներգիա, ջիղ, ցանկություն, սեր, բնականաբար, փոխհատուցվում է: Հետեւաբար, այն ինձ համար անփոխարինելի ստեղծագործություն է»,- եզրափակեց դերասանուհին: 

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]