Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հասարակական վայրերում չծխելու արդյունքում մարդկանց առողջությունը լավացել է. Օտարերկրացիները՝ ծխախոտի դեմ պայքարի օրենքի մասին

Հասարակական վայրերում չծխելու արդյունքում մարդկանց առողջությունը լավացել է. 
Օտարերկրացիները՝ ծխախոտի դեմ պայքարի օրենքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմակերպել էր միջոցառում՝ ծխախոտի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ առաքելության շրջանակներում։ Ծխելու դեմ պայքարի իրենց փորձը ներկայացրեցին Վրաստանի, Իռլանդիայի, Հայաստանի և ԱՀԿ ներկայացուցիչները ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2016-2017 թվականներին հայկական STEPS հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանի տղամարդկանց 51.5 տոկոսը ծխող է, իսկ կանանց՝  1.8 տոկոսը։

Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից տղամարդ ծխողների թիվը բարձր է (38.5 տոկոս 2013 թ.), իսկ կանանց միջին ցուցանիշն ավելի ցածր է (20.7 տոկոս 2013 թ.)։

Ծխախոտի օգտագործումը մահացության և հիվանդությունների ամենատարածված կանխարգելելի պատճառն է, որի դեմ հնարավոր է պայքարել հաջողությամբ՝ համապարփակ և ապացույցների վրա հիմնված քաղաքականության միջոցով։ Շատ եվրոպական երկրներ ընդունել են ծխախոտի դեմ պայքարի համապարփակ փաթեթներ։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը քննարկման ժամանակ նշեց, որ ծխախոտի դեմ պայքարը ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահերի թիվը կրճատելու ամենաարդյունավետ միջոցներից է։

«Սա նպաստելու է մինչև 2030 թվականը ոչ վարակիչ հիվանդություններից մահերի թիվը մեկ երրորդով կրճատելու գլոբալ նպատակին՝ 2030 Կայուն զարգացման օրակարգին համահունչ»,- ընդգծեց Զայցևը։

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ Հայաստանն այսօր գտնվում է մի փուլում, որտեղ օրենքի նախագիծ է մշակվում, ինչը շատ բուռն քննարկման առիթ դարձավ։

«Մենք մշակում ենք օրենքի մի նախագիծ, որի հիմքում միջազգային փորձն է և շրջանակային կոնվենցիայի պահանջները։ Անդրադարձել էինք երկրորդային ծխի ազդեցությանը, գովազդի վերաբերյալ հիմնախնդիրներին։ Նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ամփոփվել են, և վերջնական դարձնելու հետ կապված այժմ գործողություններ են իրականացվում»,- նշեց Բազարչյանը։

Վրաստանում մայիս մասին ծխախոտի դեմ պայքարի օրենքն ուժի մեջ կմտնի, և այդ կապակցությամբ Վրաստանի պառլամենտի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Ձոիձեն, ներկայացնելով իրենց երկրի փորձը՝ նկատեց, որ նախկինում իրենց երկրում գործող օրենքը այնքան էլ արդյունավետ չի եղել։

Ձոիձեի խոսքով՝ բոլոր այն երկրներում, որտեղ այդպիսի օրենք է ընդունվում, նույն հակափաստարկներն են բերվում՝ սրճարանների կսնանկանան, փոքր բիզնեսները կմահանան։

«2017 թվականի մայիս ամսին մեր երկրում ընդունվել էր ծխախոտի դեմ պայքարի օրենքը, սակայն այն արդյունավետ չէր, և այժմ մենք փոփոխել և համարյա նոր օրենք ենք մշակել։ Մեր երկրում այսուհետ ամբողջությամբ արգելվելու է ծխախոտի գովազդը և ծխելը հասարակական վայրերում»,- շեշտեց Ակակի Ձոիձեն և հավելեց, որ օրենքը ծխողների իրավունքների դեմ չէ, այլ ուղղված է չծխողների իրավունքների պաշտպանությանը։  

Իռլանդիայի առողջապահության նախարարության ծխախոտի ազգային վերահսկողության գծով խորհրդական Ֆենթոն Հոուելը նշեց, որ իրենց երկիրն աշխարհում առաջինն է եղել (2004 թ.), որտեղ ծխելն արգելվել է բոլոր վայրերում՝ աշխատավայրերում, բարերում, ռեստորաններում։

«Ծխողների մեծ մասը չի ցանկանում մնալ ծխող։ Մենք ընդունել ենք այդ արգելքը, քանի որ մինչ այդ նույնպես որոշ սահմանափակումներ եղել են, սակայն ապարդյուն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պասիվ ծխելը նույնպես մարդկանց առողջության վրա շատ է ազդում։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասնակի արգելքն արդյունավետ չէ, և ծուխը չգիտի, թե որտեղ կարող է և որտեղ չի կարող գնալ, այն տարածվում է ընդհանուր միջավայրում։ Իռլանդիայում հնարավորություններ ենք ստեղծել ծխելը թողնելու համար և հարգել էինք մեր հասարակության բոլոր անդամների կարծիքը»,- ասաց Հոուելը և հավելեց, որ գրեթե 90 տոկոսը լավ էր արձագանքել օրենքին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՀԿ շրջանակային կոնվենցիային համահունչ ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականություն իրականացնելը զգալի դրական ազդեցություն է ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջության և տնտեսության վրա։

Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության խստացումը օգնելու է պաշտպանել բնակչությանը ծխելու վնասակար ազդեցությունից և կանխել ծխախոտի օգտագործման հետ կապված վաղաժամ մահերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]