1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը լավագույն լուծումն է համարում

Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը 
լավագույն լուծումն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրա կոալիցիոն գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են վարչապետի թեկնածու ներկայացնելու շուրջ քննարկումները, սակայն շատ պատգամավորներ այդ պաշտոնում տեսնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Եվ, ինչպես հայտնի է, շատ պատգամավորներ ունեն իրենց կարծիքը: Եվ ես գաղտնիք բացած չեմ լինի, որ յուրաքանչյուրը, գուցե, իր փաստարկումը ունենալով, այո, գտնում է, որ հանրապետության վարչապետի պաշտոնում նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆարմանյանը:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ չունի հավակնություններ վարչապետ դառնալու: «Նա վերահաստատեց, որ ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան: Բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որը վկայում է հետևյալի մասի՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին ներկայացնելու սահմանադրական իրավունքը: Այդ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ չի ցանկանում, որ նման որոշումները կայացնելիս կտրվեն իրականությունից, այլ ելնեն ռեալ իրականությունից, որն այսօր գոյություն ունի: «Գոնե իմ պատկերացմամբ՝ իրականությունը հստակ է՝ կա խորհրդարանական մեծամասնություն, կոալիցիա, որը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Ես ինքս այդ պաշտոնում տեսնում եմ նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշեց Ֆարմանյանը:
Հարցին՝ ի՞նչ իրողությունների մասին է խոսքը, արդյոք ՀՀ-ում չկա՞ որևէ այլ թեկնածու, ով պատրաստ է ստանձնել պետության ղեկավարի դերը, Ֆարմանյանն ասաց, որ կան՝, պարզապես ռեալ իրողությունների մեջ, քաղաքական իրատեսության շրջանակներում լավագույն ընտրություն է պետք կատարել: «Մեր քաղաքական թիմի, կոալիցիայի տեսանկյունից, իմ պատկերացմամբ, լավագույն լուծումը դա է»,- ասաց նա:
Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է.  «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]