Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ 2018». Ավարտվել են Սևակ Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի նկարահանումները

«Եվրատեսիլ 2018». Ավարտվել են Սևակ Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի 
նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնող երգիչ Սեւակ Խանաղյանը շուտով կներկայացնի «Քամի» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ նկարահանումները տեւել են 2 օր:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Առաջին օրը նկարահանել ենք փոքր տեսարան Գառնիում: Երկրորդ օրը՝ հիմնական տեսարանները, որոնք իրականացրել ենք տաղավարում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա՝ պետք է տեսահոլովակում ցույց տալ միայն Սեւակի հոգեվիճակը: Ոչ մի ավելորդություն պետք չէ, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը երգից չշեղվի: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ տեսահոլովակում լուսային էֆեկտներ և մոնտաժային հետաքրքիր լուծումներ ենք օգտագործել»,- ասաց Արթուրը:

Ռեժիսորի խոսքով՝ ինքն այնպեսի մոտեցումներ է փորձել գտել, որոնք օտարերկրացու համար հասկանալի  կդարձնեն երգի իմաստը: «Ինձ վրա մեծ պատասխանատվություն կար, որ տեսահոլովակի միջոցով եվրոպացիներին տեղ հասցնեմ երգի իմաստը: Ճիշտ է, երգը հայերեն է ու հենց դրանով կարող է հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, բայց մի մտավախություն կա, որ նրանք չեն հասկանա երգի իմաստը: Դրա համար մենք փորձել ենք տեսահոլովակում Սեւակի հոգեվիճակով ներկայացնել երգի իմաստը»,- նշեց նա:

Արթուր Մանուկյանն ավելացրեց, որ Սեւակի հետ հեշտ է եղել աշխատելը:  «Ոչ միշտ է, որ արտիստի հետ առաջին համագործակցությունը ստացվում է: Սեւակի հետ հեշտ է աշխատել: Մենք իրար արագ ենք հասկանում: Նկարահանումների ընթացքում բարդություններ չեն եղել»,- նշեց նա:

«Արմենպրես լայֆ»-ը զրուցեց նաև Սեւակ Խանաղյանի հետ, ով նշեց, որ իր համար կարեւոր է հայերեն երգով ներկայանալ այս տարվա «Եվրատեսիլին»: «Յուրաքանչյուր օր լավ արձագանքներ եմ ստանում եվրոպացի հանդիսատեսից, ինչն, անշուշտ, ոգեշնչում է: Տեսահոլովակում շատ անկեղծ եմ եղել, ուստի նկարահանման ընթացքում դժվարություններ չեն առաջացել: Արդեն հասցրել եմ շատ ռեժիսորների հետ աշխատել, բայց Արթուր Մանուկյանի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Արթուրի հետ աշխատելը հեշտ էր և հաճելի: Նա իսկական պրոֆեսիոնալ է. ունի հստակ ասելիք, որը պատկերի միջոցով կարողանում է հասցնել հանդիսատեսին»,- ասաց Սեւակը:

Հարցին, թե որ մասնակիցների երգերն են իր համար ֆավորիտ, երգիչը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել ծանոթանալ բոլոր մասնակիցների երգերին, բայց պետք է ասեմ, որ կան շատ հետաքրքիր երգեր, որոնք մրցույթն էլ ավելի դիտարժան կդարձնեն»:

Մելինե Տոնոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]