Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պահպանեք Հայաստանը, չէ՞ որ այն ձեր ամենահուսալի թիկունքն է. Արտաշես Գեղամյան

Պահպանեք Հայաստանը, չէ՞ որ այն ձեր ամենահուսալի թիկունքն է. Արտաշես 
Գեղամյան

Եվ այսպես, ս. թ. մարտի 13–14-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը։ Նիստի օրակարգն ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ, որոնք այս փուլում խիստ հրատապ նշանակություն ունեն։ Հիմնովին քննարկվեցին հայ-ռուսական ռազմավարական երկխոսության հարցերը՝ խորհրդարանական չափման դիտանկյունով, գլոբալ անվտանգության հիմնախնդիրները և տարածաշրջանային մարտահրավերները։ Մանրամասն դիտարկման ծիրից դուրս չմնացին եվրասիական ինտեգրման խնդիրները և այդ գործընթացում հանրային դիվանագիտության դերը, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության հեռանկարները։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատված ավանդույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Արտաշես Գեղամյանը համատեղ նիստի մասին իր տպավորությունները կիսեց «Արմենպրեսի» թղթակցի հետ։ 

 

ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների և ՌԴ Դաշնային ժողովի կոմիտեների համատեղ նիստերի անցկացման պրակտիկան, իմ կարծիքով, լիովին արդարացված է։ Օրինակ, այն բոլոր հարցերը, որոնք խիստ հուզում են մեր քաղաքացիներին, մանրամասն վերլուծվում են համատեղ նիստերում, դիտարկվում են առկա խնդիրների լուծման այլընտրանքային ուղիները։ Միևնույն ժամանակ, ուզում եմ գոհունակությամբ նշել անկեղծության և փոխադարձ վստահության մթնոլորտի մասին, որում անցկացվում են դրանք։ Հույս ունեմ, որ ասվածի ապացույցը կլինի ռուսաստանցի և հայ խորհրդարանականների նիստի ելույթների հրապարակումը։

Այսպես, «Հայ-ռուսական ռազմավարական երկխոսություն. խորհրդարանական չափում» հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ձեր խոնարհ ծառան, որի տեքստը ներկայացվում է ստորև։

 

Արտաշես Գեղամյանի ելույթը «Հայ-ռուսական ռազմավարական երկխոսություն. խորհրդարանական չափում» հարցի քննարկման ժամանակ

(13 մարտի 2018 թ.)

 

Նախ, ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստին մեծ ուշադրություն է հատկացվել հայկական մամուլի կողմից։ Մասնավորապես, մեր նիստի նախօրեին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն այս թեմային է անդրադարձել «Մտորումներ Եվրասիական տնտեսական միության կայացման գործում հանրային դիվանագիտության դերի մասին» հրապարակմամբ, և այսօր Հայաստանում հանրահայտ «Новое Время» թերթը նույնպես, ինչպես և շատ ծանրակշիռ հայալեզու «Հայոց Աշխարհ» թերթը, լուսաբանել են մեր համատեղ նիստի թեման։ Ես հաճույքով վերցրել եմ այդ թերթերի մի քանի լրակազմ, որպեսզի Ձեզ փոխանցեմ՝ ի հիշատակ։

Հարգարժան գործընկերներ, նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողներին բովանդակալից ելույթների համար։ Միևնույն ժամանակ, կուզենայի մի ցանկություն հայտնել, թեև չգիտեմ՝ որքանով այն կարժանանա Ձեր հավանությանը։ Այսպես, 2018 թ. սկզբից աշխարհը մտել է իր զարգացման շատ վտանգավոր փուլ, և սա, ցավոք, չափազանցություն չէ։ Դրա համար բավական է ուշադիր ծանոթանալ «ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությանը», «ԱՄՆ նոր միջուկային դոկտրինին», ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի զեկույցին և, վերջապես, ուշադիր կարդալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուղերձը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։ Էլ չեմ ասում այն մտքերի մասին, որոնք հնչել են Վլադիմիր Սոլովյովի, ըստ իս, զարմանալի հաջողված «Աշխարհակարգ 2018» և Արկադի Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմերում։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, կուզենայի հատկապես նշել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վերջին հայտարարությունը, որը նա արել է բրիտանական խորհրդարանում տառացիորեն երեկ։ Վերոնշյալ բոլոր նյութերը և փաստաթղթերը թույլ կտան մեզ հասկանալ, թե ինչ բարդ իրավիճակում է գտնվում արդի աշխարհը։ Այս առնչությամբ կուզենայի անպայման հիշատակել նաև Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը՝ վերջերս Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում։ Նշեմ, որ Դուք ևս փայլուն գնահատական եք տվել մեր նախագահի ելույթին, հարգելի Կոնստանտին Իոսիֆովիչ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Եվ ահա, վերոնշյալ նյութերում պարունակվող գնահատականների և եզրահանգումների համատեքստում, ըստ իս, մենք շատ ճիշտ կվարվենք, եթե մեր քննարկումները ծավալենք անվտանգության հարցերի շուրջ։ Մանավանդ որ Հայաստանն ու Ռուսաստանը եզակի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցներ են և մերձավորագույն տնտեսական գործընկերներ։ Նման մոտեցումը, իմ կարծիքով, խիստ հրատապ է այն գնահատականների համատեքստում, որոնք տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Սոլովյովի հարցազրույցում («Աշխարհակարգ 2018»), որում, կրկնում եմ, հնչել են մեզ ահազանգող գնահատականներ։ Ինչ նկատի ունեմ։ Վլադիմիր Սոլովյովը հարցազրույցի ժամանակ դիմեց Վլադիմիր Պուտինին հարցով, թե Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի հանդեպ չարակամորեն տրամադրվածներն անում են ամեն բան, որպեսզի ինչ-որ կերպ հեռացնեն Ղազախստանն ու Բելառուսը, իսկ վերջին ժամանակներս՝ նաև հատկապես Հայաստանը Ռուսաստանից, և միևնույն ժամանակ հարցրեց, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը։ Ռուսաստանի նախագահի պատասխանը կտրուկ էր։ Կարծում եմ, որ մենք պետք է անպայման արտահայտենք մեր մտքերն այս առումով, ստուգենք մեր մոտեցումները՝ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակիցների շարքերում երկպառակության ամեն տեսակ ջատագովների, մեր բարին չկամեցողների նմանատիպ հավակնությունների հանդեպ համաձայնեցված հակազդեցություն մշակելու նպատակով։ Ավելին, անհրաժեշտ է դարձել մեր հետագա աշխատանքը կառուցել հենց այս հանգամանքների հաշվառմամբ։ Կասկած չի հարուցում նաև այն, որ ներդաշն աշխատանքի պարագայում մենք հաջողությամբ կլուծենք այս խնդիրը, մանավանդ որ այսօր մեր բանավեճին, մեր նիստի աշխատանքին մասնակցում է նշանավոր դիվանագետ Սերգեյ Իվանովիչ Կիսլյակը, որը 2008–2017 թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպանը։ Նա կարող է պատմել իր փորձի մասին և մեր քննարկումն ուղղորդել ժամանակի թելադրանքին հարիր հուն, ու դրանում պախարակելի ոչինչ չկա։

Ահա մի քանի մտքեր, որոնցով կուզենայի կիսվել Ձեզ հետ։

Շնորհակալություն։

 

Ես ելույթ ունեցա նաև օրակարգի երկրորդ՝ «Գլոբալ անվտանգությունը և տարածաշրջանային մարտահրավերները» հարցի վերաբերյալ։ Ստորև ներկայացվում է այդ ելույթի տեքստը։

 

Արտաշես Գեղամյանի ելույթը «Գլոբալ անվտանգությունը և տարածաշրջանային մարտահրավերները» հարցի քննարկման ժամանակ

(13 մարտի 2018 թ.)

 

Հարգելի գործընկերներ, ելույթ եմ ունենալու շատ կարճ։ Բոլորովին վերջերս, Մյունխենի անվտանգության համաժողովում, որն անցկացվում էր «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» կարգախոսով, ելույթ ունեցավ մեր նախագահը և պատասխանեց բանավեճի մասնակիցների հարցերին։ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի վերաբերյալ «Եվրասիա գրուփ» հետազոտական կազմակերպության հիմնադիր նախագահ Յան Բրեմերը նշել է, որ «Սերժ Սարգսյանի ելույթը կրում էր բացառապես դրական լիցք, և բոլորին հասկանալի դարձավ, որ Հայաստանի նախագահը փորձում է լցնել անդունդը Բրյուսելի և Մոսկվայի միջև»։ Դրանով իսկ նա փաստեց, որ Բրյուսելի և Մոսկվայի, ինչպես նաև Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև անդունդ կա։ «Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է։ Նախագահ Սարգսյանը ցույց տվեց այն, ինչը հաճախ մոռացվում է Բրյուսելում և Վաշինգտոնում. որ Հարավային Կովկասի, Կենտրոնական և Հարավային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում բախվում են դժվար և հաճախ հարկադրված ընտրության հետ։ Այս իրավիճակում նրանք պետք է գտնեն բացառիկ ուղիներ արտաքին աշխարհի հետ իրենց հարաբերությունները պահպանելու համար», – հենց այսպես է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը։ Գտնում եմ, բանավեճի մասնակիցները համակարծիք էին, որ մեր նախագահի ելույթը բացառիկ կառուցողական էր։ Ինչպես և Սերժ Սարգսյանի նախորդ ելույթները, նրա մյունխենյան ելույթը նույնպես աչքի էր ընկնում անկեղծությամբ, թափանցիկությամբ։ Հատկապես կարևոր է նաև այն, որ Հայաստանը, Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինելով, երրորդ երկրների հետ իր հարաբերություններն այնպես է կառուցում, որպեսզի, նախ, նրանք նոր գլխացավանք չդառնան մեր ռազմավարական դաշնակցի համար, ինչպես նաև չվնասեն այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին։ Ավելին, իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ջանում է համատեղ գործունեության ինչ-որ ընդհանուր ուղղություններ,  շփումների հաստատման ուղիներ գտնել համաշխարհային քաղաքականության ուժի ամենատարբեր կենտրոնների միջև։ Եվ հավանաբար, այդ առկա դրական փորձը մենք Ձեզ հետ պետք է իմաստավորենք։ Ի պատիվ մեր հարգարժան Կոնստանտին Իոսիֆովիչի՝ նա, որպես Հայաստանի նախագահի մասնակցությամբ կայացած բանավեճի մոդերատոր, ինքնաբերաբար եկավ նույն եզրահանգման, ինչ և ամերիկացի քաղաքագետը։ Եվ ահա թե ինչ է ասել նա. «Ես արդեն սոցիալական ցանցերում ներկայացրել եմ կայացած բանավեճին տված իմ գնահատականը, և ես անկեղծորեն երախտագիտություն եմ հայտնել Սերժ Ազատովիչին փայլուն ելույթի համար, բանավեճին շատ կառուցողական ներդրում ունենալու, կշռադատված, հավասարակշռված և խիստ պատասխանատու վերլուծության համար, թե ինչ է տեղի ունենում և՛ հենց Հայաստանում, և՛ տարածաշրջանային հարաբերություններում, և՛ ավելի գլոբալ համատեքստում, որտեղ Հայաստանը, անշուշտ, ունի իր ակնառու և ստեղծարար դերը»։  Եվ քանի որ Հայաստանին՝ հանձին իր քաղաքական ղեկավարության, հաջողվում է շփումներ և կամուրջներ հաստատել մեծ տերությունների, ամենատարբեր երկրների գլոբալ տնտեսական և ռազմաքաղաքական միավորումների միջև, գուցե մենք է՞լ մտածեինք և հանրային դիվանագիտության միջոցով արդեն առկա դրական փորձը դարձնեինք ոչ միայն մեր ռուսաստանցի գործընկեր խորհրդարանականների սեփականությունը, այլև այն տարածեինք սահմանի այն կողմում՝ լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Կարծում եմ, որ նման մոտեցումն արդարացված կլինի, և դա մեր միջխորհրդարանական համագործակցության շատ պատկառելի ու պատշաճ ներդրումը կլինի միջազգային հարաբերությունների արդի փուլի գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում։

Ահա այսպիսին է իմ կարծիքը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ սա ընդունեք որպես ոչ մեծ ակնարկ, այլ իբրև փոքրիկ նշում։

Շնորհակալություն։    

                  

Ուզում եմ նաև նշել, որ օրակարգի երրորդ հարցի («Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը») վերաբերյալ հայկական կողմից որպես զեկուցող հաստատված էր Ձեր խոնարհ ծառան։ Թե ինչի մասին էր ելույթս և որքանով էր այն արդիական՝ թող դատի ընթերցողը։ Ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև։

 

Արտաշես Գեղամյանի ելույթը «Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը» հարցի քննարկման ժամանակ

(13 մարտի 2018 թ.)

 

Կոնստանտին Իոսիֆովիչը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանը հանկարծ լոյալ չվերաբերվի նրան, ինչն այժմ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում՝ կապված ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ։ Եթե պատահաբար գտնվեն մարդիկ, ովքեր լոյալ կվերաբերվեն անգլիական իշխանությունների կողմից իրականացվող հակառուսական գործողություններին, ապա ես նրանց խորհուրդ կտայի կարդալ Կոնստանտին Իոսիֆովիչի Ֆեյսբուքի իր էջում այսօր արած գրառումը։ ««Դատարանների թագուհի» Բրիտանիայի համար սա լիակատար դեգրադացիա է. մեղսունակության տոտալ կանխավարկած, երբ ապացուցում են ոչ թե դատարանն ու դատախազը, այլ մեղադրյալը, որին թույլ չեն տալիս ոչ ապացուցել, ոչ մասնակցել դատավարությանը։ Նույն ալգորիթմն է ընդունվել «ռաշագեյթի» վճռով ԱՄՆ-ում և «Բոինգի» գործով Նիդեռլանդներում», – գրել է Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը։ Շատ համոզիչ է։ Եվ սա՝ բնավ ոչ այն պատճառով, որ հյուրընկալությունից ելնելով պետք է հաճոյախոսություններ անել, այլ որովհետև հենց այդպես էլ կա իրականում։ Մենք հերթական անգամ դառնում ենք երկակի չափորոշիչների կիրառման վկաները։ Արդյո՞ք պատահական է սա։ Իհարկե, պատահական չէ։ Եվ ինչո՞ւ են մեր ռուսաստանցի գործընկերների մեջ մեր հաշվով նման երկյուղներ առաջացել։ Գուցե Դուք հիանալի հասկանում եք, որ լայնորեն ծավալված հակառուսական տեղեկատվական պատերազմում թիրախ լինելու է ոչ միայն ինքը՝ Ռուսաստանը, այլև, առաջին հերթին, Ռուսաստանի ամենահուսալի ռազմավարական դաշնակիցներն ու գործընկերները։ Չէ՞ որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հայտնի ստրատեգները իրենց առջև խնդիր են դրել. ռուսական սահմանների ողջ պարագծով ստեղծել անվստահության իրադրություն, անկայունության և քաոսի գոտի։ Ահա այս նպատակին հասնելուն էլ ուղղված է ծավալվող հակառուսական տեղեկատվական պատերազմը։ Բնավ պատահական չէր, որ մեջբերեցի Մյունխենի անվտանգության համաժողովում մեր նախագահի ելույթին տրված գնահատականները, որովհետև դրանցում նա մատնանշում է միջազգային լարվածության մեղմացման, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև կառուցողական երկխոսության հաստատման ուղիները։ Մենք համոզված ենք, որ նրա խոսքերին կանսան Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքում, իսկ այնտեղ ապրում է ավելի քան մեկուկես միլիոն հայ, Ռուսաստանի հայկական համայնքում, որտեղ ապրում են երկուսուկես միլիոն մեր հայրենակիցներ, Իրանի հայկական համայնքում, որը 250 հազարանոց հայկական համայնք ունի։ Այսինքն՝ մեր առջև միանգամայն որոշակի խնդիր է դրված. ճակատագրի բերումով Հայաստանի սահմաններից դուրս հայտնված մեր հայրենակիցների միջոցով ցույց տալ, որ աշխարհի երկրների գլխին կախվել է Դամոկլյան սուրը, այո՛, ոչ միայն Ռուսաստանի և ոչ այնքան Ռուսաստանի, որքան ողջ Երկիր մոլորակի վրա։ Ինձ թվում է, որ հենց սրան պետք է ուղղվեն Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների ջանքերը, և սա միանգամայն հասկանալի է, որովհետև մենք՝ խորհրդարանականներս, մեր գործողություններում շատ ավելի ազատ ենք, քան մեր երկրների կառավարության գործիչները։

Եվ ահա, վերադառնամ այն փաստաթղթերին, որոնք տառացիորեն վերջին չորս ամիսների ընթացքում ընդունվել և հրապարակվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դրանք են. 2017 թ. դեկտեմբերի 18-ին հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարությունը, 2018 թ. փետրվարի 13-ին հրապարակված Ազգային հետախուզության զեկույցը, որի նոր տարբերակը հրապարակվել է 20 օր անց, ինչպես նաև ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը, որը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացվել 2018 թ. փետրվարի 2-ին։ Ես մանրամասն ծանոթացել եմ այս փաստաթղթերին, ինչպես նաև վերլուծական նյութերին ու մեկնաբանություններին, որոնք հրապարակվել են ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ներում՝ այս փաստաթղթերի հետ կապված։ Այսպես, ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում Ռուսաստանի մասին 34 հիշատակում կա, ընդ որում՝ ամենաբացասական ձևով. իբր, Ռուսաստանն ապակառուցողական երկիր է, որից պատերազմի սանձազերծման վտանգ է բխում։ Ընդ որում, 7 դեպքում Ռուսաստանը հիշատակվում է Չինաստանի և երկու դեպքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ Ռուսաստանի մասին հիշատակումներից մեկում՝ 32-ում, խոսվում է նաև Հայաստանի մասին։ Հայաստանը հիշատակվում է Ադրբեջանի հետ կապված։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին արդիական զենք է մատակարարել, և դա հղի է նրանով, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել՝ դրանում ներքաշելով նաև Հայաստանի դաշնակցին՝ Ռուսաստանին։ Այսինքն՝ նշմարվում է գործողությունների հայտնի մարտավարությունը։ Ուրեմն այսպես, սկզբում ապակայունացման ստրատեգները պատրաստում են հակամարտող կողմերի հանրային կարծիքը վտանգավոր այն իրադարձությունների սպասման շուրջ, որոնք իրենք արդեն նախապատրաստել են, որոնք արդեն նախօրոք հնչեցվել են։ Խոսքը Անդրկովկասի տարածաշրջանում, ասել է թե՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու հնարավորության և հավանականության մասին է։ Սա, արևմտյան վերլուծաբանների կարծիքով, միաժամանակ կխփի երկու թիրախի. մի կողմից՝ Իրանին, Իրանի հյուսիսում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանում (որին հավակնում է ափշերոնյան սուլթանը) իրավիճակի ապակայունացման ճանապարհով։ Այնուհետև կկատարվեն արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանում, իսկ հետո արդեն Հարավային Կովկասի ողջ պարագծով իրավիճակի ապակայունացման գործողություններ՝ այնտեղ ապակայունության գոտի ստեղծելու նպատակով։ Մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով, ըստ այս մտահղացման հեղինակների կարծիքի, դրանով իսկ կշեղեն Ռուսաստանի ուշադրությունն այս ուղղությամբ։ Դուք, Կոնստանտին Իոսիֆովիչ, շատ ճիշտ նշեցիք ռազմական գործողությունների կտրուկ ակտիվացման մասին, որոնք հիմա տեղի են ունենում Ռուսաստանի հարավային մատույցներում, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Այնուհետև, ապակայունացումը կամ միաժամանակ, կամ հնարավորինս կարճ ժամկետում կտեղափոխվի միջինասիական հանրապետությունների կողմը՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, գործընթացին աֆղանստանցի մոջահեդների ներգրավմամբ։ Այնտեղ՝ աֆղանստանյան սահմանին այժմ արդեն պարեկում են առանց տարբերանշանների թռչող օբյեկտներ. հավանաբար, որոշակի երկրների հրահանգիչներն են մարզում իրենց «ձեռնասուն» ԻԼԻՊ-ականներին։ Եվ այսպես, խնդիր է դրված Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով, ներառյալ և՛ Հարավային Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները, ստեղծել անկայունության, քաոսի գոտի, ապակայունացնել այնտեղի իրավիճակը։ Եվ այս ամենը տեղի կունենա Սիրիայում, Արևելյան Գուտայում չթուլացող լարվածության պայմաններում։ Ուստի, ես հատուկ ուզում եմ հիշեցնել լրջագույն նախազգուշացման մասին, որն այսօր հնչեցրեց Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի արվարձանում Սիրիայի կառավարական զորքերի դեմ հնարավոր գրոհի հետ կապված։ Բանակի գեներալը պարզապես հայտարարեց, որ Ռուսաստանն անպատիժ չի թողնի  ԱՄՆ հնարավոր հարձակողական ռմբահարությունները Դամասկոսի շրջանում, որովհետև այնտեղ են գտնվում ռուսաստանցի զինվորական հրահանգիչներ, մարդասիրական օգնություն ցուցաբերող ռուսաստանցի զինծառայողներ, խորհրդականներ ՌԴ-ից։ Այսինքն՝ Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն այժմ չափազանց լարված է։ Եվ եթե Վոլֆգանգ Իշինգերը Մյունխենի անվտանգության համաժողովի կարգախոս է ընտրել «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» բառերը՝ հարցական նշանով ավարտելով դրանք, ապա այժմ այդ հարցական նշանը պետք է փոխարինել բացականչականով։

Չեմ թաքցնի, որ, պատրաստվելով ելույթի, շատ եմ մտածել այն խնդրի շուրջ, թե ո՞րն է այն ֆենոմենը, որը Ռուսաստանի, Հայաստանի և առհասարակ նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների բնակչության համար անսասան է դարձնում բարեկամական հարաբերությունները մեր ժողովուրդների միջև, ի՞նչն է մեզ մերձեցնում, և ի՞նչն է, որն անհնար է որևէ կերպ սասանել։ Եզրակացությունը մեկն է, և դա, իմ կարծիքով, մեր հայրերի ու պապերի՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի մեջ է, և անգամ դրա ավարտից 73 տարի հետո, եթե որևէ մեկը փորձի շահարկել հայ-ռուսական ինչ-որ տարաձայնություններ, ինչ-որ հակասություններ որոնել, ապա վերջնարդյունքում դա կտապալվի, ֆիասկո կկրի։ Մենք սրբորեն հարգում և միշտ հիշում ենք մեր հայրերի ու պապերի պատգամները, չենք մոռանում, թե ինչպես են նրանք անձնուրաց վայր դրել իրենց գլուխները՝ հանուն դարչնագույն ժանտախտից, կամ ժամանակակից տերմինաբանությամբ՝ ազգային բացառիկության վայրի դրսևորումներից մարդկության փրկության։ Ահա, հիմա էլ նույն փորձանքն է կախվել որքան Ռուսաստանի, նույնքան էլ Հայաստանի և ողջ աշխարհի վրա։ Եվ պետք է, որպեսզի Ռուսաստանի նախագահի զգուշացումը, որն արտահայտել է («Աշխարհակարգ 2018»-ի հարցազրույցում) պարզ ու հասկանալի նախադասությամբ՝ «ինչի՞ է պետք աշխարհն առանց Ռուսաստանի», սթափեցնի պատերազմի ջատագովների տաք գլուխները։ Ուրեմն, մենք պետք է հանրային դիվանագիտությունն այնպես վարենք, որպեսզի հասարակության ճնշման տակ ոչ մեկին և աշխարհի ոչ մի երկրում թույլ չտրվի հատել այն սահմանը, այն վերջնագիծը, որից այն կողմ պատերազմն է։ Ես նկատի ունեմ նրանց, ովքեր, հաշիվ չտալով իրենց գործողությունների աղետալի հետևանքների մասին, ոչ ճիշտ եզրակացություններ կանեն երեք բավական տագնապահարույց փաստաթղթերի բովանդակությունից՝ ԱՄՆ միջուկային նոր դոկտրինից, Ազգային անվտանգության ռազմավարությունից և ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցից։ Մեր այս երկյուղները և տագնապները հարկ է մեր գործընկերների միջոցով հասցնել Սփյուռքի հայկական և ռուսական համայնքներին, մյուս երկրների բնակչության լայն շերտերին, որպեսզի մեր աշխատանքն ուղղվի հետագա առճակատման վտանգի մեղմմանը, խորհրդարանական մակարդակով ողջ աշխարհի համար անվտանգության հնարավոր լուրջ սպառնալիքների բացատրմանը։ Հարկ է այս աշխատանքին ներգրավել ամենատարբեր երկրների քաղաքական էլիտաների հնարավորինս լայն շերտերին։ Եթե կարողանանք նման աշխատանք կազմակերպել, ուրեմն մեր ավանդը կներդնենք պատերազմի սպառնալիքի, միջազգային իրավիճակում քաոսի սպառնալիքի կանխման պայքարում։ Համոզված եմ, որ նման աշխատանքը կմերձեցնի շատ ու շատ պետությունների խորհրդարանականներին, որոնց թանկ է աշխարհի ճակատագիրը։ Այդժամ միանգամայն այլ լույսով կընկալվեն մշակութային փոխանակումները մեր երկրների միջև։

Այսօրվա նիստի ելույթս պատրաստելիս՝ չեմ թաքցնում, շատ նյութեր եմ կարդացել, որոնք ինձ համար խիստ օգտակար էին։ Բավական կառուցողական առաջարկություններ կային ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին առընթեր Ինտեգրացիոն ակումբի 2017 թ. Ամենամյա զեկույցում՝ «Եվրասիական վեկտորը ապագայի ինտեգրացիան է» կարգախոսով։ Օգտակար շատ բան եմ քաղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի աշխատակից Կ. Պ. Բորիշպոլեցի «Հանրային դիվանագիտությունը ԵԱՏՄ տարածքում. երևույթի և զարգացման միտումների ընկալումը» հոդվածից։ Հետաքրքիր շատ մոտեցումներ էին ներկայացված «Հանրային դիվանագիտության տարածաշրջանային չափումը եվրասիական վեկտորն է» Միջազգային կլոր սեղանի (որը տեղի է ունեցել 2017 թ. մայիսի 29-ին, Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի 1-ին համագումարի շրջանակներում) նյութերում։ Այսինքն, եթե մենք կարողանանք այս ճիշտ ժամանակին տեղի ունեցած համաժողովների և հանդիպումների նյութերում պարունակվող հիմնական մտքերը հասցնել լայն զանգվածներին, ապա, վստահ եմ, որ այս ամենը միանգամայն նոր լույսով կընկալվի ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության կողմից։ Միևնույն ժամանակ, եթե ցույց տանք, որ արդի փոթորկահույզ աշխարհում մենք բոլորս գտնվում ենք նույն նավում և այդ նավը ոչ թե Ռուսաստանն է կամ Հայաստանը, այլ ողջ Երկրագունդը, Երկիր մոլորակը, ապա մեր կողմնակիցների թիվն անհաշիվ կաճի։ Այս մասին էլ ասվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահի հղած Ուղերձում։ Ելնելով սրանից՝ մեր հանդիպումը հրատապ է, որը, իմ կարծիքով, ինչպես և նախորդ անգամներին, աչքի է ընկնում բացառիկ անկեղծությամբ ու վստահելիությամբ։

Մենք մեր ելույթներում խոսեցինք մեր ամենացավոտ խնդիրների մասին, և Դուք, թանկագին ռուս գործընկերներ, լսեցիք մեզ։ Երբ Արմեն Աշոտյանը ելույթ էր ունենում, ես մտովի հարց էի տալիս. կա՞ն արդյոք այլ խորհրդարաններ, որոնց պատգամավորներն ու սենատորները կարողանան այսքան անկեղծ մակարդակում խոսել իրենց տագնապների և հոգսերի մասին։ Չեմ ուզում ինչ-որ բան չափազանցել, բայց հիմա ասելու եմ այն, ինչում համոզված եմ. խփում են Հայաստանին, բայց նշանառության տակ Ռուսաստանն է։ Մասնավորապես, Ստոկհոլմի Խաղաղության և հակամարտությունների խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերջերս հրապարակած թվերը մեզ լրջորեն տագնապեցնում են։ Դրանք բավական տագնապեցնող են։ Դուք միայն տեսեք։ Հաշվետու ժամանակաշրջանում (2015–2017 թթ.) Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել 36 միավոր «Солнцепек» TOS-1A ծանր հրանետ, 40 միավոր БТР–82А, 800 միավոր հակատանկային «Քրիզանթեմ» կոմպլեքսի հրթիռ (БМП–3-ի հիմքի վրա), որոնք հայտնի են որպես «տանկային մարդասպաններ»։ Էլ չեմ խոսում Իսրայելի կողմից Ադրբեջանին արդիական սպառազինությունների վաճառքի մասին։ Սպառազինությունների այս տագնապալի մրցավազքի մասին, չեք պատկերացնի, ներողություն ժարգոնի համար, ինչ խանդաղատանքով ու կայֆով է գրում ադրբեջանական մամուլը։ Այսինքն՝ այդ երկիրն իր բնակչությանը պատրաստում է պատերազմի։ Վտանգը հենց դա է։ Ավա՜ղ, այդպես է. Ադրբեջանն իր բնակչությանը պատրաստում է պատերազմի Արցախի և Հայաստանի դեմ։ Իրադարձությունների նման զարգացմամբ շատ ուրախ են նրանց ավագ եղբայրները՝ թուրքերը։ Հիմա արդեն Նախիջևանում տեղակայված են Թուրքիայի  3-րդ դաշտային բանակի հարվածային զորամասերը։ Էլ չեմ ասում այն վտանգի մասին, որը բխում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելի վարքագծից, որն իրեն նորաթուխ խալիֆ, նախկին Օսմանյան կայսրության սուլթանների գործի շարունակող է երևակայում, ընդ որում՝ նեոօսմանյան իր նկրտումների մասին նա բարձրաձայնում է ի լուր աշխարհի։

Մեզանից յուրաքանչյուրը, անշուշտ, եզրահանգումներ է անում այն տեղեկատվության հիման վրա, որին տիրապետում է։ Բայց արդեն պարզ է մի բան, որ համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոններ գործելու են մեն-մի նպատակով՝ թուլացնել Ռուսաստանը՝ հանձին նրա արդի աշխարհի առաջատար խաղացողներից մեկին, նոր բազմաբևեռ աշխարհի կերտողին տեսնելով, ինչը խիստ անհանգստացնում է նրանց։ Ուստի, նրանց համար չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանը, որպես այդպիսին, դադարի գոյություն ունենալ։ Եվ դրա համար նրանք կխփեն Ռուսաստանի թիկունքին։ Դիմելով Ձեզ՝ ռուսաստանցի գործընկերներ, հորդորում եմ. պահպանեք Հայաստանը, չէ՞ որ այն Ձեր ամենահուսալի թիկունքն է։

Շնորհակալություն։

 

Հույս ունեմ, որ ծանոթանալով իմ ելույթների տեքստերին՝ ընթերցողները տպավորություն կկազմեն մեր բանավեճերի թեմատիկայի և մեր քննարկած հարցերի որակի մասին։ Գլխավորն այն է, որպեսզի մեր հետագա աշխատանքում լինենք պահանջկոտ ինքներս մեր և մեր ռուսաստանցի գործընկերների հանդեպ՝ ի կատարումն երկուստեք ընդունած բոլոր պայմանավորվածությունների։   

 

 

Արտաշես Գեղամյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև

համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի

 հայկական մասի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

 

www.amiab.am

 

Նկարում. 2008-2017թթ. ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Սերգեյ Իվանովիչ Կիսլյակը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի  Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը։ Երևան, 13 մարտի 2018 թ.։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]