Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ՀՅԴ-ն առաջարկում է ԱԺ բոլոր հանձնաժողովներում յուրաքանչյուր խմբակցության առնվազն մեկ պատգամավորի անդամությունն ապահովելու մեխանիզմ ներդնել


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մեխանիզմներ, որպեսզի խորհրդարանական բոլոր խմբակցությունները բոլոր հանձնաժողովներում առնվազն մեկ ներկայացուցիչ ունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 19-ին օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկայացրեց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների թիվը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ որպեսզի խմբակցություններն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնեն, անհրաժեշտ է, որ ներգրավված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում: «Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները  հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,- ասաց նա:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` նման նախագիծ առաջարկելով, ինչպես են պատկերացնում ապահովել նույն պատգամավորի մասնակցությունը միաժամանակ երկու հանձնաժողովի նիստի:

Ռուստամյանը պատասխանեց, որ նման փորձ խորհրդարանն ունի: «Նախորդ գումարման ժամանակ դա եղել է: Եթե նիստերը լինում են միաժամանակ, պատգամավորը պարտավոր է ցույց տալ, որ որևէ նիստի մասնակցել է: Եթե նիստերն իրար վրա են ընկել, պատգամավորը պարտավոր է մեկ նիստի մասնակցել, եթե` ոչ, պատգամավորը պարտավոր է երկու նիստին էլ մասնակցել»,- մանրամասնեց պատգամավորը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը քննարկել են, կարևորել, որ բոլոր խմբակցությունների մասնակցությունը մեկից ավելի հանձնաժողովներում Սահմանադրությանը չի հակասում: «Բայց մի բաց ունեցանք. խոսքը վերաբերում է նրան, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող ուժը համամասնորեն պետք է ունենա ավելի շատ անդամներ հանձնաժողովներում»,- պարզաբանեց փոխնախարարը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկաներին հիշեցրեց, թե ինչպես են աշխատել 5-րդ գումարման խորհրդարանում: Նա նշեց, որ ինքն ամենաակտիվ պատգամավորն էր, երեք հանձնաժողովում է աշխատել, եթե նույն ժամին են եղել նիստերը, անպայման  իր որոշմամբ դրանցից մեկին մասնակցել է:

Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ ներկայացված առաջարկն ընդունելու դեպքում որևէ կերպ չի խախտվելու հանձնաժողովում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունը: «ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել ՀՀԿ-ին, որ անարգել կարող են աշխատել: Փոքրաթիվ խմբակցություններն իրենց գիտելիքները կօգտագործեն: Մենք կողմ ենք այս կարգավորմանը, որևէ հակասություն չկա, և պետք է այս առաջարկությունը տարածվի նաև «Ելք»-ի վրա, որովհետև «Ելք»-ն էլ փոքրաթիվ է: ՀՀԿ-ի իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ մերը ոտնահարվում է»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավորը:

Գևորգ Կոստանյանը նկատեց,  որ պատգամավորները առանց հանձնաժողովի անդամ լինելու նիստերին կարող են անարգել մասնակցել: Նա բերեց Արտակ Զեյնալյանի օրինակը, ով պարտաճանաչ իրենց հանձնաժողովի նիստերին մասնակցում է՝ չլինելով հանձնաժողովի անդամ: «Բոլորս ֆիքսում ենք՝ ունենք խնդիր, որն էլ ունի տրամաբանություն և լուծման անհրաժեշտություն, բայց մի հոդվածի փոփոխությունն ավելի շատ խնդիր է առաջացնելու, հետևաբար` առաջարկում եմ քննարկումը հետաձգել: Հետ կանչեք, հետո լրացնենք, բոլորս էլ աշխատենք, կոնցեպտուալ լուծում տանք և գնանք առաջ»,- ասաց Կոստանյանը՝ շեշտելով, որ ոչ ոք չի ուզում բացասական եզրակացություն տալ:

Արմեն Ռուստամյանը հակադարձեց, որ պետք չէ Զեյնալյանի օրինակը բերել, ով թեև քննարկումներին մասնակցում է, բայց իրավունք չունի քվեարկելու:

Ի վերջո, կողմերը քննարկումների արդյունքում պայմանավորվեցին նախագիծը լրամշակել և նորից ներկայացնել քննարկման:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ