Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինծառայողը պետք է ունենա յուրատեսակ «տաբու»՝ բանակի միջոցների յուրացումը դավաճանությանը հավասար հանցագործություն է. ՀՀ Նախագահ

Զինծառայողը պետք է ունենա յուրատեսակ «տաբու»՝ բանակի միջոցների յուրացումը 
դավաճանությանը հավասար հանցագործություն է. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Այս մասին մարտի 19-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը նշել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակն՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին: Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն Պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Սերժ Սարգսյանը:

Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Նա Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում է աշխատանքի պարտադիր պայման:

«Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները: Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը»,-ասել է նա:

 Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն, ըստ Նախագահի, այսուհետ պետք է լինի ծառայության անբաժանելի մասը: Նրա խոսքով՝ այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է:

«Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,-հավելել է Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]