Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները գոհ են վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցից


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մարտի սկզբին ԱՄՆ կատարած այցին նվիրված ասուլիսի ընթացքում մանրամասն ներկայացրին եռօրյա հանդիպումների օրակարգը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մարտի 19-ին նշեց, որ չափազանց կարեւոր է համարում ԱՄՆ կատարած այցը, որի օրակարգը բավականին հագեցած է եղել:

«Հանդիպել ենք հայ համայնքի ներկայացուցիչների, USAID-ի Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի հետ, քննարկել ենք հնարավոր համագործակցության հեռանկարները, հանդիպել ենք Պետդեպի առաջին փոխտեղակալի հետ եւ այլն: Քննարկում ենք ունեցել  Լեռնային Ղարաբաղի հարցի, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման, տարածաշրջանային անվտանգության, ԵՄ-Հայաստան համաձայնագրի, այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գերակայությունների մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:   

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր սկզբունք է որդեգրել՝ աջակցությունից դեպի առեւտուր եւ համագործակցություն. «Սա նոր ձեւաչափ է, որ վարչակազմի կողմից կիրառվում է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այս սկզբունքը կարիք ունի բովանդակային առումով սահմանման, լրացման եւ ձեւավորման»,-նշեց նա:  

Պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ հաշվի առնելով, որ Թրամփի վարչակարգը արտաքին քաղաքական ոլորտում նոր խաղի կանոններ ունի, պատվիրակությունը փորձել է փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել:

«Փորձագիտական մակարդակում քննարկումներ տեղի ունեցան մեզ համար կենսական խնդիրների, մասնավորապես՝ ԼՂ վերաբերյալ, ներկայացրեցինք բոլորիս մտահոգությունները, մարտահրավերները»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ  այցն իր արդյունքներին շատ սպասել չի տա, քանի որ մի շարք կարեւոր ուղղություններում համագործակցության հիմք է դրվել:

Իսկ բարեկամական խմբի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավորն էլ ասաց, որ իր ունեցած առանձին այցերից նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրներից, ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներից, մինչդեռ նախկինում կենտրոնացվածությունը հիմնականում ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի ուղղությամբ էր:

«Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուրջ քննարկման առարկա էին հայ համայնքի մոտ, սա ինձ համար, ըստ էության, նորություն էր: Նախկինում այդքան հետաքրքրվածություն չեմ նկատել»,-եզրափակեց նա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ