Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի երեք մարզում էկոլոգիական միջանցքների ծրագիր է իրականացվում

Հայաստանի երեք մարզում էկոլոգիական միջանցքների ծրագիր է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) իրականացնում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կովկասի տարածաշրջանում էկոլոգիական միջանցքների ծրագիրը Հայաստանում ընդգրկում է Հարավարևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքը։ Այն միացնում է Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտին և պետական արգելավայրերին Վայոց Ձորի մարզում, ապա Սյունիքի մարզում՝ «Զանգեզուր» պետական արգելավայրին և Հայաստան-Իրան պետական սահմանին։

Ծրագիրը, որը ստեղծվել է վայրի կենդանիների միգրացիան ապահովելու նպատակով, մեկնարկել է 2015 թվականի հունվարի 15-ին և նախատեսված է իրականացնել 5 տարվա ընթացքում։ Այն նախատեսում է Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք համայնքներին տրամադրել աջակցություն երկարաժամկետ հողօգտագործման պլանների մշակմամբ և կոնկրետ միջոցառումների իրականացմամբ։

Ելնելով հողօգտագործման պլաններից՝ ծրագիրը տրամադրելու է աջակցություն ընտրված համայնքներին նաև անհետաձգելի կարճաժամկետ միջոցառումներ իրականացնելու համար, որոնք կապահովեն միջանցքների էկոլոգիական ամբողջականությունը։ Այդ միջոցառումների շրջանակում՝ բնակչության մասնակցությամբ, արդեն առաջ են քաշվել համայնքի հրատապ սոցիալ-տնտեսական կենսական խնդիրները։ Ծրագրի միջոցով փորձ է արվել լուծել դրանց մի մասը։

Միջոցառումներ իրականացվել են Վայոց Ձորի Զառիթափ խոշորացված համայնքի Արտավան և Հորս համայնքներում, Արարատի մարզի Զանգակատուն համայնքում և Սյունիքի մարզի Արևիս, Բռնակոթ, Սալվարդ ու Թասիկ համայնքներում։

Ներկայացնելով ծրագիրը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի էկոլոգիական միջանցքների ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանն ասաց, որ հիմնադրամը խթանում է համայնքի կողմից մասնակցությունը խնդիրների լուծման հարցում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի համայնքը հավաքվի, մտածի, որոշի և լուծի իր խնդիրները։ Մենք վստահ ենք, եթե իրենք չունենան այդ մոտեցումը, չեն կարողանա զբաղվել բնապահպանական հարցերով։ Մենք նպատակ ունենք կովկասյան գորշ արջի, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի պահպանությունը ավելի բարձր մակարդակով իրականացնել և այդ պարագայում ցանկանում ենք, որպեսզի համայնքը նույնպես իր մասնակցությունն ունենա։ Վերջին փուլի համար 7 համայնքին տրամադրվել է մոտ 30 մլն դրամ։ Բնակիչները շատ գոհ են, և լավ արձագանքներ ունեցանք ծրագրից։ Իհարկե, շարունակություն է լինելու, և պետք է անցնենք կոնկրետ միջոցառումների պահպանությանը»,- ասաց Արմեն Շահբազյանը։

Սալվարդ համայնքի աշխատակազմի ղեկավար Հարութ Գալստյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կատարվել է ճանապարհի վերանորոգում, և փողոցային լուսավորության համակարգ է տեղադրվել։

«Բոլոր աշխատանքները բարձր մակարդակով են իրականացվել, և ապահովվել է երկու փողոցի լուսավորություն։ Երեկոյան ժամերին արդեն ավելի ազատ կարող ենք դուրս գալ փողոց, շրջել»,- նշեց Գալստյանը։

Աշխատանքների արդյունքում Սալվարդում փողոցային լուսավորության համար տեղադրվել է երեք հենասյուն, 35 հատ խնայողական լամպ և նորոգվել են 3,5 կմ հատվածով ճանապարհի փոսերը։

Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 7 համայնքում կատարված աշխատանքների համար տրամադրվել է 32 մլն ՀՀ դրամ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]