Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով:

Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի և համակողմանի գործունեության, այնպես և հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման և բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ:

…Հայտնի է Ձեզ, թե ինչպիսի հարգանք և սեր է տածում հայ ժողովուրդը Ձեր և Ռուսաստանի նկատմամբ. զգացումներ` փորձված դարավոր եղբայրությամբ և վկայված այսօրվա դաշնակցության, գործընկերության և համագործակցության սերտ կապերով: Ուրախ ենք արձանագրել այն հոգածությունը, խնամքն ու ուշադրությունը, որ ՌԴ իշխանությունները, Ձեր անձնական մասնակցությամբ, դրսևորում են հայկական սփյուռքի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հանդեպ:

Մեր հանապազ աղոթքն է, որ Ամենողորմ Տերն Իր Աջի հովանու ներքո խաղաղության ու բարեկեցության մեջ պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին», - ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

Ուղերձում Նորին Սրբությունը հայցել է Երկնավոր Տիրոջ շնորհներն ու զորակցությունը ՌԴ ընտրյալ նախագահին իր բարձր ծառայության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]