Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Ուսանող-գործատու կապի միջնորդ «Breedge» ստարտափն օգնել է 80-90 սովորողի գտնել աշխատանք


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողներին գործատուի հետ կապող «Breedge» (Բրիջ) հարթակը մեկամսյա գործարկումից հետո 40-45 կազմակերպությունում աշխատանքի տեղավորման հնարավորություն է ընձեռել 80-90 սովորողի: Հարթակի միջոցով ուսանողների մեծամասնությունը կես դրույքով աշխատանքի է տեղավորվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիրը՝ ուսանող Դավիթ Թամրազյանը ներկայացրեց ուղիղ մեկ տարի առաջ հղացած գաղափարը ստարտափ դարձնելու ուղին: Հինգ հոգուց բաղկացած թիմի անդամները, ովքեր բոլորն էլ ուսանողներ են, նախորդ տարվա մարտին հանդիպել են Ամերիկյան և Սլավոնական համալսրանների կազմակերպած «Startup Boost Weekend»-ին, որտեղ էլ որպես թիմ ձևավորվել ու առաջ են տարել ուսանողների զբաղվածության հարցի կարգավորմանը նպաստող գաղափարը: «Breedge»-ն ուսանողներին գործատուի հետ կապող հարթակ է, որը վերջիններիս հնարավորություն է տալիս տարբեր գործիքներով գտնել, գնահատել և աշխատանքի ընդունել ուսանող-աշխատակիցների: Գործիքներ` սկսած աշխատանքային հաստիքներ տարածելուց մինչև ուսանողների որոնում` ըստ առանցքային բառերի, ունակությունների»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչո՞ւ են ուսանողները պետք գործատուներին, որովհետև նրանք թարմություն են տանում կազմակերպություն, վստահ են ստարտափի հիմնադիրները: «Ուսանողներն ավելի շուտ են ադապտացվում, ինչը կազմակերպություններին թույլ է տալիս ուսանողներից ստեղծել աշխատող, ով հավատարիմ է, կորպորատիվ մշակույթին և ներքին միջավայրին ավելի հարմարեցված»,-ավելացրեց Դավիթ Թամրազյանը:

«Breedge»-ի անդամները ներկայում աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի կազմակերպությունների հետ, բայց հետագայում նպատակ ունեն ընդլայնել գործունեությունը` ներառելով նաև այլ ոլորտներ: Նրանց տեղեկատվական բազայում առկա են այդ ոլորտների 250 ուսանողի տվյալներ: Այս հարթակում ներգրավվելու և գործատուների կողմից աշխատանքային հաստիքներին ծանոթանալու համար շատ բան հարկավոր չէ, պարզապես լինել ուսանող կամ նորավարտ`անգլերեն լեզվի իմացությամբ և աշխատելու ցանկությամբ: «Մենք համալսարան առ համալսարան ենք աշխատում` բացատրելով ուսանողներին, որ աշխատանք գտնելն այնքան էլ դժվար չէ, միաժամանակ, շփվում ենք նաև կազմակերպությունների հետ, որ նրանց կարողանանք ներգրավել այս հարթակ»,-ասաց ուսանող-ստարտափերը:

Դավիթ Թամրազյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատում են մի հետազոտության նախապատրաստման վրա, որով կգնահատեն ուսանողների կազմակերպական մտածելակերպը և համապատասխանությունը կազմակերպությունների որդեգրած կորպորատիվ մշակույթի սկզբունքներին: Դա կօգնի ընկերություններին առավել ռելեվանտ աշխատակիցների բազա առաջարկել:

Հարթակի անդամները նպատակ ունեն նաև դիմել աքսելերացիոն ծրագրերի` ներդրումներ ներգրավելու նպատակով:

Անի Նազարյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ