Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Հայ և լեհ խորհրդարանականները կքննարկեն Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը հագեցած է և բազմազան, իսկ մեկնարկած հանդիպումը նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-լեհական հարաբերությունները:  «Հայաստանը  և Լեհաստանը միշտ պայքարել են անկախություն ձեռք բերելու համար: Լինելով բարդ տարածաշրջանում` մենք շատ լավ գիտենք, թե որն է անկախության գինը»,- ասաց Աշոտյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները խարսխված են փոխադարձ վստահության և բարեկամության վրա` հույս հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը կնպաստի այդ հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին  իր խոսքում կարևորեց հայ-լեհական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: «Մենք ևս գիտենք, թե որն է անկախության գինն ու արժեքը, գիտենք, թե որքան կարևոր է անկախ պետականություն ունենալը` աշխարհին ինքնուրույն ներկայանալու առումով: Մեզ համար շատ կարևոր է հայերի ներկայությունը լեհական հողի վրա»,- ասաց Ռոցկին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները: Նիստի ավարտին կողմերը համատեղ հայտարարություն կընդունեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ