Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

«Ամենաուժեղ մրցակիցս հենց այս տղան էր». Նարեկ Աբգարյանն իր 7-րդ հաղթանակի մասին  


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը գոհ է պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ հաղթանակից:

«Իմ ունեցած նախորդ 7 մենամարտից ամենաուժեղ մրցակիցս հենց այս տղան էր: Համեմատության կարգով Բեկսուլթան Ռավշանովը որակապես մի քանի գլուխ բարձր էր մյուսներից: Նա 5 հաղթանակ ուներ պրոֆեսիոնալ ռինգում, 5-ն էլ նոկաուտով: Եվ բավականին դժվար է պարտություն չունեցող բռնցքամարտիկին «կոտրել»:  Ինձ հաջողվեց գերազանցել նրան հոգեբանորեն»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Խոսելով առաջին ռաունդի մասին՝ Աբգարյանը շեշտեց, որ մրցակցի մոտ կարծես ամեն ինչ լավ էր ստացվում: «Բայց հենց առաջին ռաունդից հետո մարզչիս` Դավիթ Թորոսյանի օգնությամբ հասկացա, թե ինչպես է պետք գործել: Ես ավելի արագ էի մտածում, քան հակառակորդս: 2-3-րդ ռաունդներում նրա մոտ հոգնածություն էր զգացվում: Իսկ 4-րդ ռաունդում փորին հարված բաց թողեց և հենց այդտեղ էլ «կոտրվեց»: Գոհ են մարզիչները, պրոումոթերները: Ամեն ինչ լավ ստացվեց»,-ասաց բռնցքամարտիկը:

Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակներ տարան: Արամ Ավագյանը հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանին: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ