Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլիկնինը դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Երևանում մասնակցության ցուցանիշն աննախադեպ համարեց: «Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան: Մենք քվեարկում ենք հանուն մեր երեխաների, թոռների ապագայի, այդ իսկ պատճառով այսպիսի ակտիվությունը հասկանալի է: Ժողովուրդը հետաքրքրված է նրանով, որ երկիրը լինի ավելի գեղեցիկ, դրանով է բացատրվում նման ակտիվությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասաց դեսպան Վոլինկինը՝ տեղեկացնելով, որ ժամը 13:00-ի սահմաններում քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 1600 մարդ: Դեսպանի խոսքով, սա շատ բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:

Քվեարկությանը մեծաթիվ հայերի մասնակցությունը նա մեկնաբանեց այն հանգամանքով, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ներկայում եկել են իրենց հարազատների մոտ, և չեն ցանկանում բաց թողնել քվեարկելու իրենց իրավունքը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: 

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը  (Աճի կուսակցություն):

Դեսպան Վոլինկինի լուսանկարը՝  Sputnik Արմենիա




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ