Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Երևանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցությունը շատ ակտիվ է


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների համար Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում  քվեարկությունն ընթանում է շատ ակտիվ: Դեսպանատան առջև ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել ցանկացողների մեծ հերթ է գոյացել:

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից եկել էին` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը:

ՌԴ դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, դեսպանության խորհրդական Պյոտոր Շուկինը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 09:45-ի դրությամբ քվեարկել է 370 մարդ: Համեմատության համար նա նշեց, որ Պետդումայի նախորդ ընտրություններին նույն տեղամասում ողջ օրվա ընթացքում քվեարկել է 1100 մարդ: 

«Սկսել ենք շատ առույգ, տրամադրությունը շատ լավ է, կարելի է ասել, որ նախորդ ընտրություններին մասնակցածների թվի մեկ երրորդն արդեն եկել է քվեարկության: Փորձ ենք անում առաջ շարժվել առանց աժիոտաժի,  առավելագույն ջանքեր ենք ներդնում, որ մեր ընտրողների համար գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպվի»,-«Արմենպրես»-ի հադորդմամբ՝ նշեց հանձնաժողովի նախագահը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նրա խոսքով` արտասահմանում ընտրական տեղամասի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ նախապես գրանցված ցուցակներ չկան: «ՌԴ անձնագրերով անձինք մոտենում են, ցանկություն հայտնում քվեարկելու, և մենք հենց այստեղ գրանցում ենք նրանց ու տալիս այդ հնարավորությունը: Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս պահին Հայաստանում են` գործնական այցով, տուրիզմի նպատակով, ովքեր ունեն փաստաթուղթ` գալ ու քվեարկել»,- ասաց նա` տեղեկացնելով, որ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում բացված տեղամասում ևս մասնակցությունն ակտիվ է ու հանգիստ: Այս պահի դրությամբ որևէ խախտում կամ բողոք չի գրանցվել: 

Ինչ վերաբերում է զինծառայողների նախապես քվեարկությանը, թիվ 8026 հանձնաժողովի նախագահը նշեց, որ արտագնա վաղաժամ քվեարկություն անցկացվել է մարտի 3-ին Մեղրիում, մասնակցել է 126 մարդ՝ ռուս զինծառայողներ և նրանց ընտանիքները:

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը  (Աճի կուսակցություն):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ