Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: 

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 15-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ: «Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրում է ԱՄՆ նախկին դեսպանը:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին: ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ԱԳՆ-ում Սեկուտային բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր վերլուծականում անդրադարձել է ԱՄՆ-ի քաղաքական միջավայրում  Արցախի ընկալմանը և այդ գործոնի՝ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վրա ազդեցությանը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:

Ադրբեջանը  խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդգծում է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշեց, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցինների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է»: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետն արել է հայտարարություն, որը դժվար է այլ բառերով որակելը, քան լկտի սուտն ու անհեթեթությունը: 

Հայոց ցեղասպանության դատապարտում   

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ  այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ամերիկացի դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը, ով այս օրերին գտնվում է Իսրայելում, իսրայելական The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտության մասին:

Հայաստան և աշխարհ

 «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ալբանիայի արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ հայտարարություններով հանդես գալու ընթացքում նման դիտարկում է արել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նրա խոսքով՝ պատմական նման կապերը պայմանավորված են նաև լիբանանահայերի կարևոր դերակատարմամբ, ովքեր միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը և մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում: «Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների»,- նշել է Հարիրին: Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը: Կարեն Կարապետյանն հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Վարչապետ Կարեն Կարապետյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: ՀՀ վարչապետի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպել է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները: Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»։

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: «Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինիքանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիրպետությունորը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիքԼավատես եմորովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմազնիվ եւ անշահախնդիր բարեկամներովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ ենաջակցում են մեր ժողովրդինաշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասինՄենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը: Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով: Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպել է  Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անհրաժեշտ չի համարել մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցի հարցն այն մասին, որ ՌԴ-ում ստեղծվել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունը: ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա նշել է. «Ռուսաստան-Արցախ բարեկամության միության» ստեղծման վերաբերյալ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեզ մոտ գործում են ամենատարբեր հասարակական կազմակերպություններ: Կարևորը, որ դա չհակասի ՌԴ օրենսդրությանը»։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի: Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը Կոպենհագենում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը։ Էդվարդ Նալբանդյանը և Դանիայի մշակույթի նախարար Մեթե Բոկը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։ Էդվարդ Նալբանդյանը և Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: 

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է «IRNA» լրատվական գործակալության նորանշանակ տնօրեն Զիյա Հաշեմիի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Թումանյանն իր գոհունակությունն է հայտնել «IRNA»-ի հետ հաստատված աշխատանքային համագործակցության կապակցությամբ: ՀՀ դեսպանն անդրադարձել է 2017 թ. հոկտեմբերի 21-ին Թեհրանում ստորագրված «Արմենպրես»-ի և «IRNA»-ի միջև համագործակցության հուշագրին՝ նշելով, որ կողմերը հստակ քայլեր են ձեռնարկում դրա իրականացման համար: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Երևանում «IRNA»-ի և Թեհրանում «Արմենպրես»-ի ներկայացուցչությունների բացման հարցը:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման և այլ հարցերի մասին։ ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: ՀՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին և մի շարք այլ օրենքներ։ ՀՀ Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում  ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ այցի շրջանակներում, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ելնելով վերոնշյալից նա մի շարք նախարարների հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումների սուբսիդավորման համար, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում:

Արցախի Հանարապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017 թվականին կազմել է շուրջ 272 մլրդ 100 մլն դրամ` 2016թ. 229 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Հավելաճի տեմպը կազմել է 15.6 տոկոս։

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի գազալցակայանում պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ն: Ավտոմեքենաներում գազաբալոններ տեղադրելու գործընթացն օրենսդրորեն կկարգավորվի: Ներկայում հանրային քննարկման է ներկայացվել սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգ սահմանելու և նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագիծը:

Սփյուռք

 Սփյուռքի նախարարությունում անցկացրել է «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ» գույք եւ հայրենազրկում թեմայով գիտաժողովը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում կարեւորել է նման գիտաժողովների կազմակերպումը հայ ժողովրդի նաեւ նյութական կորուստներին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար:

Սրտի կաթվածից   կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր: Իրանական թատրոնում և կինոյում կարևոր դերակատարություն ունեցող իրանահայ դերասան Լևոն Խանգյալդյան Հաֆթվանին վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում: Արարողությունը կատարվել է Թեհրանի «Կինոյի տան» մոտ՝ ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների և հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ: Այնուհետև դերասանի դին հողին են հանձնել հայոց գերեզմանատանը:

Ստամբուլի Շիշլի թաղամասում երկու փողոց վերանվանվել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի և լրագրող Ուղուր Մումջուի անուններով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով: Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելել է կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո: Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: 

Միջազգային խճանկար

Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել Է Գերմանիայի կանցլեր, երդում է տվել Բունդեսթագում: Մինչ այդ ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նրան հաստատել Է պաշտոնում գերմանական խորհրդարանում ընտրվելուց հետո։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել  Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դիտարկմանը: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ստորագրությունների հաշվարկից և ստուգումից հետո արդեն գրանցել է նախագահի 4 թեկնածուների: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ «Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը եւ մարդու իրավունքների խախտումը, առաջվա պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»,- ասված Է Թրամփի ծանուցման մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:

Սիրիացի զինծառայողները գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում Է Դամասկոսի հարավային ծայրամասում:

Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցին։ Ավիահարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Թերեզա Մեյը։ Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել Է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը: ՌԴ ԱԳՆ-ն երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:

Մշակույթ

Նկարչուհի, քանդակագործ Նվարդ Զարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված է 18 քանդակ, Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող Կոստան Զարյանի դիմանկարը, 11 գեղարվեստական աշխատանք, որից տասը տրամադրել է Նվարդ Զարյանի եղբորորդի Արա Զարյանը:

«Օսկար 2018» մրցանակաբաշխությանը հայտնի երգչուհի, դերասանուհի, մոդել Վիկտորիա Սամըրը կրել է հայազգի դիզայներ Մարիա Գրիգորյանի ձևավորած զգեստը: Դիզայների հիմնադրած հայտնի La Bottega Mellardi բրենդը գոյություն ունի 2017 թվականից:

Ֆրանսիայի կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխությանը հինգ «Սեզար»-ի արժանացած «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» կինոնկարի ցուցադրությամբ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնը:

Հայկական HayAr ապրանքանիշն այս օրերին ներկայացված է Pole Bijou ցուցասրահում բացված «Պատերազմում» (AT WAR) ցուցադրությանը: Ապրանքանիշի հեղինակ Արտակ Թադևոսյանը հրավեր էր ստացել Ֆրանսիայի Բաքարա քաղաքից: Հեղինակը օրերս վերադարձել է Ֆրանսիայից, սակայն նրա գործերն այնտեղ են մնալու 6 ամիս:

Հայաստանն այս տարի առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

 «Կարին» ավանդական երգի-պարի համույթը Իտալիայի Ագրիջենտո քաղաքում անցկացված «Mandorlo in Fiore» 73-րդ փառատոնի շրջանակում ներկայացրել է UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը և Քոչարի ռազմապարը: Sms-քվեարկության արդյունքում համույթը գրավել է երրորդ հորիզոնականը: Առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանը ներկայացնող, իսկ երկրորդ տեղը` Արգենտինան ներկայացնող խմբերը:

Երգի պետական թատրոնում տեղի է ունեցել երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն։ Համերգային ծրագրում երգահանի հեղինակած երգերը կատարեցին Արթուր Գրիգորյանը, Էմմա Ասատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Նարեկ Բավեյանը, Գրիգոր Կյոկչյանը, Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Մաշա Մնջոյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սարո Թովմասյանը, Մարտա Կիրակոսյանը, Սոնա Շահգելդյանը, Նառան եւ այլ երգիչներ։

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 

«Երևան-2800» բասկետբոլային միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Մոսկվան ներկայացնող «Գազպրոմ» թիմը: Երևանի «Ուրարտուն» երրորդ տեղի համար պայքարում 63-100 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Հունդայի» ակումբին;

Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ