Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռումիանական օրակարգի կարևոր հարցեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մարտի 14-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Քրիստիան Դումիտրեսկուի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սենատոր Դումիտրեսկուն շնորհավորել է Սերգեյ Մինասյանին Ռումինիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել վերջինիս կարևոր առաքելության իրականացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Դեսպան Մինասյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ՀՀ և ԵՄ միջև ստորագրված շրջանակային նոր պայմանագրի ընձեռած հնարավորությունները՝ Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերություններն առավել ակտիվացնելու առումով: Հայ հայ-ռումինական հարաբերությունների առանձնահատկությունների համատեքստում ընդգծվել է ռումինահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու ժողովուրդներին իրար մերձեցնող կամուրջ։
Կողմերը հատուկ կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային խորհրդարանական ձևաչափերում։ Այդ առումով անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության խթանմանն առնչվող հարցերի։
Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ դեսպան Մինասյանն անընդունելի է համարել երրորդ երկրների կողմից խորհրդարանական ձևաչափի շահագործումը նեղ քաղաքական դիվիդենտների ձեռքբերման նպատակով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում