Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Հայաստանը միջազգային զբոսաշրջային հարթակում դիրքավորվում է որպես գինու բնօրրան

Հայաստանը միջազգային զբոսաշրջային հարթակում դիրքավորվում է որպես գինու 
բնօրրան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվ ներգրավված է Մետաքսի ճանապարհին գինու երթուղիների մշակման ծրագրում, որը միավորում է Չինաստանից Իսպանիա տարբեր երկրների, որոնք պատմականորեն եղել են այդ ուղու վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական հանդիպմանն առաջարկել են գլխավորել գինու երթուղիների ծրագրի աշխատանքային խումբը, որը հավանության է արժանացել: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է նաև Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնելու առումով, որովհետև մենք այսօր շատ կարևորում ենք միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացումը, բացի այդ` ցանկանում ենք դիրքավորել Հայաստանը որպես երկիր, որը գինու օրրանն է, գինու հայրենիքը»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են Սմիթսոնյան ինստիտուտի հետ: Ներկայում մշակված հայեցակարգը ուղարկում են մասնակից երկրների զբոսաշրջության նախարարություններին, որից հետո ծրագրին մասնակցելու պատրաստակամ երկրների հետ աշխատելու են գինու երթուղիների մշակման ռազմավարության ստեղծման ու ֆոնդահայթայթման ուղղությամբ: «Այս պահին հայեցակարգային փուլում է ծրագիրը, նկարագրված է ընդհանուր պատկերը, թե ամեն երկիր ինչ դեր կարող է ունենալ գինու զբոսաշրջության զարգացման գործում: Բայց պետք է նկատել, որ գինու երթուղի ասելով` միայն գինու գործարաններ այցը չէ, քանի որ ցանկացած երթուղի` լինի արկածային, էկո, ագրո, իր մեջ ներառում է մի քանի մեծ բաղադրիչ, որպեսզի դառնա զբոսաշրջային արդյունք: Գինու երթուղին երկրի մշակույթի և պատմության հետ ծանոթությունն է»,-հավելեց պաշտոնյան: Նրա խոսքով` այս իմաստով կարևոր է հասկանալ, թե համայնքներն ինչ դերակատարություն կարող են ունենալ այդ գործում:

Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպումը կայացել է Բեռլինում մարտի 7-ին` «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]