Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանի քայլերը նախընտրական շոուներ են. Թեւան Պողոսյան

Ադրբեջանի քայլերը նախընտրական շոուներ են. Թեւան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, թե չպետք է զարմանալ, որ Ադրբեջանը իր նախընտրական փուլում փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ իբր իր տարածաշրջանային կարեւորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի 15-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների՝ Բաքվում կայացած քառակողմ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս շրջանում փորձում է իրեն ցույց տալ որպես նախաձեռնող եւ մի երկիր, որն իր խոսքն ունի տարածաշրջանում: «Ինչ է այն անում. առաջինը, իր կոպիտ հայտարարություններն է հնչեցնում առնվազն մեր հանդեպ (Երեւանին անդրադարձը,  զորավարժությունները), իսկ հիմա փորձում է տարածաշրջանային մեծ ծրագրեր իրականացնել՝ օգտվելով նրանից, թե ինչ խնդիրներ են ձեւավորվել, որտեղ այլ երկրները կարող են հետաքրքրություն ունենալ եւ միանալ այդ ծրագրերին»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով, եթե նախկինում բավականին հայտնի ձեւաչափով հանդիպում կայացած լիներ, այն է՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, ապա դա կդիտվեր որպես հերթական, իսկ այս քառակողմ հանդիպումը չի կարելի դիտարկել որպես հերթական, քանի որ միացել է նաեւ Իրանը: «Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ Իրանը երկիր է, որն  ունի իր շահերը. ինչո՞ւ չպետք է Իրանը ունենա լավ հարաբերություններ իր հարեւանների հետ, որոնց մեջ եւ՛ Հայաստանն է, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը: Իրանի յուրահատկությունն էլ հենց այն է, որ միշտ կարողացել է լեզու գտնել, հարաբերություններ պահպանել իր հարեւանների հետ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Թեւան Պողոսյանը նշեց, որ աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող միջոցառմանը, որին մասնակցում է Ադրբեջանը, միանշանակ պետք է արծարծվի Ղարաբաղի հարցը: «Բնականաբար, այս միջոցառմանը չէինք կարող մասնակցել, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր հարթակներում Ղարաբաղի շահերը պաշտպանելու. այլ խնդիր է, որ մենք պետք է ժամանակին աշխատեինք, որ Իրանի եւ Վրաստանի մեր գործընկերները թույլ չտային հակահայկական դիրքորոշումներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Թեւան Պողոսյանը համոզված է՝ մինչ ընտրությունները Ադրբեջանը շարունակելու է ակտիվորեն կազմակերպել նման միջոցառումներ:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]