Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացիներն անօրինական ճանապարհով ապրանքներ են ներկրել. կաշառակեր տեսուչները կալանավորվել են

ՀՀ քաղաքացիներն անօրինական ճանապարհով ապրանքներ են ներկրել. կաշառակեր տեսուչները կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչը և մի շարք այլ պաշտոնատար անձինք Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի և միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարել:

 Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ մաքսային տեսուչն առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ին, Դ. Ա.-ին և մի շարք այլ ՀՀ քաղաքացիների թույլատրել է անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ ՊԵԿ մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Քննությամբ պարզվել է նաև, որ Գ. Թ.-ն մաքսային տեսուչին կաշառք է տվել Տավուշի մարզի բնակիչ Վ. Ն.-ի օժանդակությամբ:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մաքսային տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար ՊԵԿ մյուս աշխատակցին մեղադրանքեր են առաջադրվել  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ն ու Վ. Ն.-ն ձերբակալվել են մաքսային տեսուչին խոշոր չափերով կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]