Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լույսի» կրթաթոշակառուները ծրագրում են ստեղծել խորհրդատվական ընկերություն «հայկական McKinsey» դառնալու հավակնություններով

«Լույսի» կրթաթոշակառուները ծրագրում են ստեղծել խորհրդատվական ընկերություն 
«հայկական McKinsey» դառնալու հավակնություններով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի իրավաբան ուսանողները, ովքեր նախաձեռնել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված Irava-Tech իրավատեխնոլոգիական համաժողովը, նպատակ ունեն խորհրդատվական ընկերություն հիմնելու, որը կհավակնի լինել հայկական McKinsey կամ BCG: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Irava-Tech-ի համահիմնադիր, Հարվարդի համալսարանի Իրավագիտության դպրոցի ուսանող Էդուարդ Գրիգորյանի հետ:

-Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում հայկական նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններն ի՞նչ խնդիրների կարող են բախվել:

-Հայաստանի կառավարությունը մեծ ջանք է գործադրում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խթանելու համար: Սա մի հնարավորություն է, որ ունի երկիրը. տաղանդավոր երիտասարդ սերունդ`բնական սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Կառավարությունը մասնավորի հետ մեծ աշխատանք են տանում, բայց այս փուլում խնդիրն այն է, որ կարիք կա ուժեղ իրավական ու ֆինանսական միջավայրի հիմնադրման, ինչպես ասում են, էկոհամակարգի, որպեսզի նպաստի այդ ստարտափերի շարունակական զարգացմանը: Որտեղի՞ց են հիմնականում ներդրումները գալիս այս ոլորտ`մեծամասամբ ԱՄՆ-ից և Եվրոպայից, դրսից եկող վենչուրային կապիտալի 90 տոկոսը այս երկու շուկաներից է: Բայց նոր ներդրող ներգրավելու համար մենք պետք է ունենանք ուժեղ իրավական համակարգ և Իրավաթեքի հիմքում հենց այն գաղափարն է, որ ստեղծենք մասնագետների ցանց, որը կկարողանա աջակցել այս կառուցվածքներին բարելավվել, որ օտարերկրյա ներդրողները գան Հայաստան ու օգնեն հայկական տաղանդավոր ընկերություններին զարգանալ: Մյուս կողմից մեր նպատակն է կամուրջ դառնալ Հայաստանի և արևմտյան երկրների միջև, որ հայկական ընկերությունները մուտք գործեն միջազգային շուկաներ:

-Ավելի կմանրամասնե՞ք այդ խնդիրները:

-Մենք խոսում ենք երկու հիմնական խնդրի մասին: Առաջինն իրավական բնույթի է, ինչպես օրինակ, մտավոր սեփականության պաշտպանության բուն գործընթացը: Մարդիկ շատ ժամանակ ու մեծ ջանք են գործադրում`զարգացնելով նոր տեխնոլոգիաներ, որը շատ դժվար է պաշտպանել Հայաստանում այստեղի իրավական համակարգի միջոցով: Հայաստանը ընդունել է Մտավոր սեփականության պաշտպանության օրենքը, բայց այն ամբողջությամբ չի իրականացվել և դժվար է, միջազգային ճանաչելի պատենտի գրանցումը Հայաստանում: Շատ ժամանակ հայ գյուտարարները ստիպված են լինելում ԱՄՆ-ում պաշտպանել իրենց մտավոր սեփականության իրավունքը: Մենք փորձում ենք օգնել հայ գիտնականներին ունենալ պաշտպանություն Հայաստանում, դրանից նաև Հայաստանի կառավարությունը կշահի:

Երկրորդ խնդիրը` նորարարությունների ֆինանսավորումն է: Հայաստանը փոքր երկիր է առաջ մղելու մեծ գաղափարներ, որոնք ֆինանսավորման կարիք ունեն: Այսպիսով, մենք պետք է վստահ լինենք, որ մարդիկ կարող են աջակցություն գտնել իրենց գաղափարներին:

-Այսինքն` կարծում եք, որ Հայաստանում Մտավոր սեփականության պաշտպանության օրենքը բարեփոխումների կարիք ունի:

-Այո, այդպես եմ կարծում: Իրավական ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, զարգանում են, կոնստանտ չեն, երբ նոր տեխնոլոգիաները գալիս են, դրանք մեծ մարտահրավեր են իրավական համակարգի համար: 100 տարի առաջ մենք ունեինք ձիեր, հիմա էլ չունենք ձիեր, ունենք բարձր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ, բայց օրենքները, որ ունենք, դեռ հին են և, երբեմն, ոչ պրակտիկ:

Գալով մտավոր սեփականությանը` իրոք դժվար է օրենքներ մշակողների համար հասկանալ տեխնոլոգիաները և ստեղծել իրավական համակարգ, որը կպաշտպանի մտավոր սեփականությունը, քանի որ տեխնոլոգիաներն անգամ լիովին չեն հասկանում իրենց ստեղծածը:

-Պետության կողմից տեսնում եք քայլեր` լուծելու Ձեր նշած խնդիրները:

-Երկիրը փորձում է քայլեր կատարել Մտավոր սեփական պաշտպանության ոլորտում, ստորագրել է մի շարք համաձայնագրեր, բայց այդ համակարգի կայացումը երկարատև գործընթաց է, մեկ գիշերում դու չես կարող մի փաստաթուղթ ստորագրել ու վստահ լինել, որ ինքնաբերաբար ամեն ինչ շատ լավ կաշխատի: Երկար ժամանակ է հարկավոր, որ իրավաբանները, դատավորները սովորեն կիրառել նոր կարգավորումները, բիզնեսով զբաղվելու նոր եղանակները:

-Ինչպե՞ս կարող եք օգնել հայ ստարտափներին իրենց նոր գաղափարը պաշտպանելու հարցում:

-Մեր նպատակը աշխարհի առաջատար մասնագետների ցանցի ստեղծումն է, ովքեր հասանելի կլինեն  օնլայն: Այս տարվանից սկսած մեր բոլոր նյութերը օնլայն կհրապարակենք և «Լույս» հիմնադրամի կայքում հնարավոր կլինի գտնել օրինակ այն հարցի պատասխանը, թե ինչպես պաշտպանել ձեր մտավոր սեփականությունը, ինչ քայլերի միջոցով: Կլինի փոքրիկ նկարագրություն, թե դուք առաջնահերթ ինչ պիտի անեք, ինչ ընթացակարգեր կան, կտրամադրենք նաև այս կամ այն մարդկանց ու կազմակերպությունների կոնտակտներ, որոնք կարող են օգտակար լինել:

Անցյալ տարի, երբ այս գաղափարը հղացանք, երեք փուլով էինք պատկերացնում աշխատանքները: Առաջինը փուլն անցյալ տարի էր, ցանկացանք տեղացի իրավաբաններին, ձեռնարկատերերին համախմբել ու ոգեշնչել, որ մտածեն այս խնդիրների մասին: Երկրորդ փուլն այս տարի ենք փորձում իրագործել` ցանցի բաղադրիչը, երբ  մարդիկ կարող են մեր ցանցի մասնակիցը դառնալ ամբողջ աշխարհից և պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը: Երրորդ քայլով մենք ցանկանում ենք Հայաստանում ստեղծել կազմակերպություն, որտեղից մարդիկ կարող են խորհրդատվություն ստանալ իրավական, ֆինանսական, գործարար ոլորտներին առնչվող հարցադրումներով: Ուզում ենք ստեղծել հայկական McKinsy կամ BCG:

-Ե՞րբ եք պլանավորում դա իրագործել:

Ես գիտեմ, որ յուրաքանչյուրն ուզում է այն շուտ տեսնել, քանի որ շատ ոգեշնչող գաղափար է: Սա երկարատև նախագիծ է, իմ կարծիքով երկու-երեք տարի պետք կլինի հիմքը ստանալու համար: Քանի որ բավականին բարդ է ապահովել մասնագետների ֆիզիկական ներկայությունը գրասենյակում, նաև ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, բայց ես լիահույս եմ, որ առաջիկա երկու-երեք տարում կկարողանանք ցանցը ձևավորել և Հայաստանում ունենալ այդ գրասենյակը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]