Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փայլանին զայրացրել է մեջլիսի բյուջետային հանձնաժողովում իրենց տեղերն ազգայնականներին տալու փաստը

Փայլանին զայրացրել է մեջլիսի բյուջետային հանձնաժողովում իրենց տեղերն 
ազգայնականներին տալու փաստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվամիջոցը,  պատգամավորներ Նուրսել Այդողանի, Ահմեթ Յըլդըրըմի և Իբրահիմ Այհանի՝ պատգամավորական մանդատից զրկվելուց հետո քրդամետ կուսակցության անդամների թիվը մեջլիսի բյուջետային հարցերով հանձնաժողովում նվազել է 3-ի (Գարո Փայլան, Էրթուղրուլ Քյուրքչյու, Բեդիա Օզգյոքչե Էրթան): Ընդ որում, հեռացած պատգամավորների փոխարեն տեղեր են հատկացվել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով բյուջետային հանձնաժողովի անդամ է, իր դժգոհությունն է հայտնել հանձնաժողովում անդամակցելու իրենց իրավունքը ազգայնականներին փոխանցելու փաստի առնչությամբ: Հանձնաժողովի աշխատանքների ժամանակ նա ընդգծել է, որ Ահմեթ Յըլդըրըմը՝ խորհրդարանական խմբակցության իրենց նախկին ղեկավարը, ով հանձնաժողովում 1,5 տարի աշխատել էր, 15 օր առաջ զրկվեց մանդատից Էրդողանին «փադիշահ թափթփուկ» անվանելու համար: Նա հիշել է նաև հանձնաժողովում գտնվող Իբրահիմ Այհանին, ով ընդամենը սոցիալական ցանցում գրառման պատճառով զրկվեց մանդատից, քանի որ այդ գրառումը համարվեց «ահաբեկչության քարոզչություն»:

«Մենք այստեղ ժողովրդի կամքն ենք ներկայացնում: Եթե դուք ժողովրդի մի մասի կամքը ներկայացնող պատգամավորներին այսպիսի շինծու հիմնավորումներով զրկում եք պատգամավորությունից, ապա իմացեք, որ մի օր էլ նույնը տեղի կունենա ձեր պատգամավորների հետ»,- ասել է նա:

Դիմելով հանձնաժողովի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող նախագահին, նա հեգնել է՝ ասելով, թե պարզապես հիացած է այն փաստով, թե ինչ արագությամբ են մեջլիսի պատերից հանվել իրենց պատգամավորների անունները կրող ցուցանակները:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ, այժմ ունի ընդամենը 50 պատգամավոր: Հարուցված տարբեր դատական գործերից հետո պատգամավորական մանդատներից զրկվել են Ֆիգեն Յուքսեքդաղը, Ֆերհան Էնջյուն, Լեյլա Զանան, Բեսիմե Քոնջան, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը, Իբրահիմ Այհանը, Ահմեթ Յըլդըրըմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am