Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավետ Բարսեղյանի խոսուն լռությունը

Ավետ Բարսեղյանի խոսուն լռությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տարվա դադարից հետո ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ հաղորդավար Ավետ Բարսեղյանը «Գոյ» թատրոնում «Իմ լռություն» խորագրով երեկոյի ընթացքում կրկին իր հանդիսատեսին բացահայտեց այն հույզերն ու մտքերը, որոնք տարիների ընթացքում կուտակվել եւ վերածվել են բանաստեղծությունների: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Ավետ Բարսեղյանը նշեց, որ, ինչպես ամեն անգամ, «Գոյ» թատրոնում իր սիրտը տրոփում է, ինչպես առաջին անգամ:

«Այսօր շատերը կտեսնեն, թե որքան խոցելի, անպաշտպան եւ ոչ մեծամիտ մարդ եմ ես: Դա է գաղտնիքը: Տպավորությունն այն է, որ ինձ ոչինչ չի կարող խոցել, բայց ամեն մի սովորական բանից, սկսած հայացքից, խոսքից խոցվում եմ, ինչպես բոլոր մարդիկ: Այս անգամ էլ «Լռություն» խորագրով եմ ներկայանում, քանի որ լռության մեջ ավելի շատ եմ խոսք գտնում, քան խոսքերի հոսքի մեջ՝ իմաստ: Իսկ լռությունը այն խոռոչն է, որը բերում է շատ իմաստ»,- ասաց Ավետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երեկոյի ընթացքում հաղորդավարն ընթերցեց իր ինչպես նոր, այնպես էլ հին ստեղծագործություններից: «Ստեղծագործական երեկոյի ընթացքում բացահայտելու ենք այն գաղտնի աշխարհը, որը ես ունեմ: Իմ ռուսերեն եւ հայերեն ստեղծագործություններում դահլիճում մերկանալու եմ մտքերով, հոգով ու հասկանալու, թե ինչ է կուտակվել: Միշտ ասել եմ, որ ի տարբերություն այլ աշխատանքային գործունեության, այս երեկոն ինձ համար է: Այս ձեւաչափն առաջին հերթին ինձ համար է կարեւոր, որ լռության մեջ գտնեմ ինձ: Ես խոսքաշատ ոլորտում եմ աշխատում եւ ինքս էլ շատ խոսքաշատ եմ, դրա համար լռությունը առաջին հերթին ինձ է պետք»,- ավելացրեց Ավետը:

Նրա խոսքով՝ շատ բանաստեղծություններ գրվել են իր դստեր՝ Լուսեի ծնվելուց հետո, որոնք տագնապի եւ վախի մասին են: «Կան նոր բանաստեղծություններ, որոնք Լուսեի ծննդից հետո եմ գրել, որոնք իմ ականջի համար առաջին անգամ են հնչելու: Աղջիկս ոգեշնչման աղբյուր է նաեւ վախերիս: Մի բանաստեղծություն կա, որը նկարագրում է վախը: Երբ մարդ վախենում է անժամանակ գնալուց: Դրա համար որքան երջանկություն է բերել Լուսեն, այնքան՝ տագնապ ու աղոթք: Աստված այնքան կյանք տա, որ վայելեմ հայր լինելու կոչումը»,- նշեց հաղորդավարը:

Հարցին, թե իր ստեղծագործությունները հետագայում կտպագրվե՞ն, արդյոք, եւ հասանելի կլինե՞ն շատերին, Ավետը պատասխանեց. «Ինձ համար, երեւի, ներքին խնդիր կա: Դրա համար չեմ կարողանում ստեղծագործություններս տպագրել գրքում: Սա ինձ համար անձնական տիրույթ է, եւ ես պատրաստ չեմ այն հանրայնացնել: Այն ինչպես գրվել է թղթի վրա, այնպես էլ մնացել է բնօրինակով: Ես կարող եմ երգի խոսքերը, հանդիսավարությունը վաճառել, բայց այն, ինչ իմ մսից, արյունից ու հոգուց է, պատրաստ չեմ ժողովածուի տեսքով վաճառել»:

Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունների հանդիսատեսներն էին նրա ընկերները և ոչ միայն՝ Քրիստինե Պեպելյանը, Լուիզա Ղամբարյանը, Սոֆի Դեւոյանը, Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանը և այլք: Վերջիններս՝ ավարտին, «Արմենպրես լայֆի» հետ զրույցում կիսեցին իրենց տպավորությունները:

Քրիստինե Պեպելյան. «Առաջին անգամ եմ այսօր լսելու Ավետի ստեղծագործությունները: Կարծում եմ, շատերն են այսօր առաջին անգամ լսելու: Բոլորս էլ գիտենք Ավետին՝ ինչպես է մտածում, անգամ երգում ենք իր խոսքերը: Իր բանաստեղծությունների փունջը նորություն է մեզ համար: Մինչ այս ոչ մի բան դեռ չէր կարդացել ինձ համար, եւ ես դրա համար ուրախ եմ, քանի որ հիմա պետք է սպասեմ մի բանի, որից անտեղյակ եմ եւ որը առաջին անգամ է լինելու: Լավ է, որ ես տեղյակ չեմ՝ ինչ է լինելու, եւ սպասումս ավելի մեծ է: Ավետի հետ շատ անգամ ենք աշխատել: Նա շատ լավ է զգում թե՛ ինձ եւ թե՛ այն մարդկանց, որոնց հետ ինքը աշխատում է: Կարծում եմ, եթե չզգա որեւէ մեկին, չի կարողանա աշխատել ու ստեղծագործել: Չգիտեմ ինչ մաղթեմ նրան: Մի բան հստակ է՝  ուրախ եմ, որ նրա նման ընկեր ունեմ»:

Նունե Եսայան. «Երեկոյի ընթացքում ինձ համար նոր բացահայտում էին Ավետի ռուսերեն ստեղծագործությունները: Ես չգիտեի, որ նա այդքան լավ տիրապետում է ռուսերենին: Իսկապես անակնկալ էր ինձ համար: Նրա հայերեն բանաստեղծություններում էլ ինձ համար այնքան երգերի խոսքեր գտա, չնայած չգիտեմ նա կհամաձայնի՞ այդ տողերը երգ դարձնել: Հիմա հասկացա, թե մեր երգերի խոսքերը որտեղից են գալիս: Շատ խոր մարդ է Ավետը: Շատ լավ ընկեր է, եւ ես հպարտ եմ, որ իմ կողքին կա Ավետի նման մարդ: Նա հասարակ մարդ չէ: Անգամ չգիտեմ՝ ինչպես բնութագրել նրան: Նրա ստեղծագործությունները շատ տարբեր էին, չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը: Բոլորն էլ ինձ դուր եկան»:

Սոֆի Դեւոյան. «Մեծ հաճույք եմ ստացել: Ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել իր անկեղծության, իր ներքին աշխարհի եւ իր աշխարհընկալման համար, որ կարողանում է այսպես գրել եւ մատուցել: Ցանկանում եմ, որ նման երեկոներ շատ լինեն եւ մարդիկ կարողանան գալ ու լսել եւ մեծ բավականություն ստանալ: Քանի որ այն կարծես մի փոքրիկ կյանք է: Ես Ավետին այնքան լավ եմ ճանաչում, ինձ համար նրան բացահայտել եմ որպես գրող, արտիստ եւ որպես մարդ»:

Լուիզա Ղամբարյան. «Այսօր մեր հոգիներն ավելի լեցուն դարձան, եւ մենք իրար ավելի շատ սիրեցինք: Այս ամենն Ավետի սիրո շնորհիվ: Այն սիրո, որը նա ունի դեպի մարդը եւ Արարիչը: Ավետն այն բացառիկներից է, որ կարողանում է ներկայացնել մեզանից յուրաքանչյուրի մեջ եղածը. եւ՛ երիտասարդին, եւ՛ սիրողին, եւ՛ հիասթափվածին, եւ՛ ինքն իրեն դեռ չճանաչածին, եւ՛ ինքն իրեն արդեն գտածին: Բոլորին նա կարողանում է միավորել, մղել մտածելու, ժպիտ պարգեւել եւ բոլորիս դարձնել տիեզերքի մի մասնիկը: Ավետն այսօր մեզ ավելի շատ սիրելու հնարավորություն տվեց: Շնորհակալ եմ նրան, որ այս երեկոն կայացավ»:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]