Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սահմանին» ֆիլմի երկրորդ եթերաշրջանում անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմին

«Սահմանին» ֆիլմի  երկրորդ եթերաշրջանում անդրադարձ է կատարվել ապրիլյան 
քառօրյա պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ» հեռուստաընկերության եթերում ապրիլի 2-ից եթեր կհեռարձակվի «Սահմանին» գեղարվեստական հեռուստաֆիլմի երկրորդ եթերաշրջանը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Հարություն Ղուկասյանը պատմել է սերիալի զարգացումների մասին:

«Առաջին եթերաշրջանում անդրադարձել ենք սահմանին կանգնած մեր զինվորների սպայական կազմին, որոնք օրուգիշեր պատերազմական պայմաններում իրենց ծառայություն են իրականացնում: Երկրորդում՝ մերօրյա զինվորի բնականոն ծառայությանը զուգահեռ, անդրադարձել ենք ապրիլյան քառօրյա պատերազմին,  որը գրեթե ամեն սերիայում առկա է»,-ասաց Հարություն Ղուկասյանը:

Սցենարիստը նշեց, որ երկրորդ մասում շարունակվում է զարգանալ սիրային դրաման: «Գլխավոր հերոսների սիրային պատմություններից բացի, այլ սիրային պատմություններ էլ կան: Չեմ ցանկանում խոսել հանգուցալուծման մասին, սակայն այդ տեսարաններում զարգացումներ կան:  Փորձել ենք ամեն կերպ ցույց տալ զինվորի կյանքը եւ չկենտրոնանալ միայն պատերազմի վրա»,-հավելեց նա:

Հարությունի խոսքով՝ հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չկան, բայց նոր դերասաններ էլ են ներգրավել ֆիլմում:  Սերիալի գլխավոր կերպարները մարմնավորել են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Գնել Ուլիխանյանը եւ այլք:

«Որոշ դերասաններ են բացակայում, քանի որ առաջին եթերաշրջանում որոշ դերասաններ ֆիլմում մահանում են»,- նշեց նա:

Խոսելով նկարահանումների մասին՝ Հարությունը նշեց. «Նկարահանումներն ամբողջությամբ ավարտված են: Հեռուստադիտողը կհիշի, որ առաջին մասն ընդմիջումներով էր եթեր դուրս գալիս. երկու սերիա ցուցադրվում էր, երկու շաբաթ անց նոր երրորդն էր եթեր հեռարձակվում: Սարեր-ձորերում  եղանակային վատ պայմաններում այդքան էլ հեշտ չէ նկարահանումներն անցկացնել: Դրանից խուսափելու համար, երկրորդ սեզոնն ամբողջությամբ նկարահանվել եւ մոնտաժվել է: Այս եթերաշրջանում էլ ենք ունեցել բարդ նկարահանումներ: Ռազմական, պատերազմական ժանրի ֆիլմերն արդեն իրենց ժանրով նկարահանումները տեխնիկապես բավականին բարդ են: Հնարավոր չէ բարդություններ չլինեն: Եթե սովորական սերիալներն օրվա մեջ 20-ից 40 րոպե օգտակար նյութ ենք  նկարել, ապա «Սահմանին»-ի նկարահանումները հնարավոր է օրվա ընթացքում 2-ից 3 րոպե նկարել»,-եզրափակեց սցենարիստը:

Մելինե Տոնոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]