Վռուբելի «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գողացված կտավը վերադարձել է Ռուսական արվեստի թանգարան
ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Վռուբելի՝ քսաներկու տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը, որը 1995 թվականին գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, կրկին թանգարանում է:
Արվեստասերները նկարը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեսնելու հնարավորություն կունենան մարտի 17-ից:
«Գողացված «Վռուբելի» վերադարձը» խորագրով ցուցահանդեսը դիտելուց առաջ՝ մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նկարի մասին խոսեցին ՀՀ մշակույթի նախարարը, թանգարանի տնօրենն ու նկարի վերականգնող մասնագետը:
«Կտավի և դրա դեռ չբացահայտված պատմության միջոցով թանգարանն ավելի մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ զբոսաշրջիկների համար: Դա աստվածային նվեր էր թանգարանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա շնորհակալություն հայտնեց հանրահայտ կտավը վերականգնող Իննա Սոլովովային և Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովային՝ նրանց պարգևատրելով ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով:
Ցուցադրությանը ներկայացվելու է նկարի ստեղծման պատմությունը, և մեր օրերի դրա «ոդիսականը»: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհ:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանի խոսքով՝ ստեղծագործությունը շատ կարևոր է թե՛ գեղարվեստական, թե՛ պատմական տեսանկյունից: «Ցուցադրությանը ներկայացվում է, թե ու՞մ է նկարը պատկանել, ինչպե՞ս է փոխանցվել մեր թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին և ինչպե՞ս է այն վերականգնվել»,-ասաց նա:
Մկրտչյանը շեշտեց, որ ցուցադրության շրջանակում մարտի 15-ին թանգարանում Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովովայի հետ կլոր սեղան հանդիպում կանցկացվի: Հետագայում նախատեսվում է պատկերասրահի հետ համատեղ կրթական ծրագրերի շարք իրականացնել:
Կտավը վերականգնած Իննա Սոլովովան պատմեց, երբ այն իրեն են հանձնել, նկարը մանր մասերի է բաժանված եղել: Տպավորություն է ստեղծվել ասես դրա վրա նստել են կամ ինչ-որ ծանր բան դրել: «Վերականգնման կարևորագույն սկզբունքը նկարը չվնասելն էր, քանի որ գործ ունեի Վռուբելի հետ. դա սրբություն է ողջ ազգի համար: Վերականգնել եմ այն՝ չվնասելով, ոչ մի նոր բան չավելացնելով, նախնական տեսքը պահպանելով»,-ընդգծեց Սովոլովան:
Նա ասաց, որ վերականգնում է կտավներն այնպես, ինչպես բժիշկն է իր հիվանդին բուժում և դրանից հետո նկարը պակաս արժեքավոր չի դառնում, այն ավելի է արժևորվում:
Կտավը ստեղծվել է Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակում Վռուբելը ստեղծել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել է հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:
Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է:
Ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թվականին:
22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակում պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Մինչ թանգարան վերադառնալը, բզկտված նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ ութ ամիս վերականգնվել է:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում