Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայաստանում նորածինների լսողության զննումն իրականացվելու է նորագույն սարքերով


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը և «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի միություն ՀԿ տնօրենը մարտի 14-ին ստորագրեցին ՀՀ-ում «Նորածինների լսողության հետազոտման սարքավորումների» դրամաշնորհի տրամադրման պայմանագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսողության նորածնային սքրինինգի ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից, այն կազմելու է մոտ 91 հազար ԱՄՆ դոլար և տրամադրվելու է Հայաստանում առկա ծննդատներին։

Նորագույն սարքերը հնարավորություն են տալու երեխայի ծնվելու երկրորդ օրվանից սկսած ստուգել և ախտորոշել խնդիրը։ Կնքվող պայմանագրով Հայաստանում Ճապոնիայի կառավարությունը կֆինանսավորի 22 սարքի ձեռքբերումը, որի արդյունքում լսողության նորածնային սկրինինգ կիրականացվի նորածինների 98 տոկոսի մոտ։

Միջոցառմանը ներկա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առողջապահության մասին խոսելիս՝ պետք է հստակ պատկերացնել հիմնական նպատակը՝ բնակչության առողջության պահպանումը։

«Մեր կարևորագույն նպատակները առողջապահության ոլորտում պետք է ուղղված լինեն հիվանդությունների կանխարգելմանը, հաշմանդամության և մահացության կրճատմանը։ Այս ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, հենց առողջապահության հիմքում է ընկած։ Մենք լավ ենք հիշում այն դժվարությունները, երբ բնածին լսողության խնդիրները հայտնաբերվում էին մի փոքր ավելի մեծ տարիքում։ Եթե համեմատենք երեխաների խոսքը, ում խնդիրը հայտնաբերվել է վաղ հասակում և հնարավորություն է եղել սարքավորումների միջոցով լսողությունը վերականգնելու և բնական ճանապարհով խոսքը սովորելու, ապա կտեսնենք տարբերությունը»,- ասաց Բաբլոյանը և հավելեց, որ վաղ հասակում լսողական խնդրի հայտնաբերման արդյունքում հասարակությունում ավելի շուտ ինտեգրվելու հնարավորությունը երեխաների մոտ ավելի է մեծանում, ինչը ԱԺ նախագահը շատ է կարևորում։

 Նրա խոսքով՝ այսօր հնարավորություն կա համատեղ ջանքերով բոլոր ծննդատներն ապահովել համապատասխան սարքերով։

Մինչ այսօր հետազոտություն անցել է 150 հազար նորածին, որոնցից 191-ի մոտ  հայտնաբերվել են լսողության տարբեր աստիճանի խանգարումներ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ