Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նեմրա» խումբն իր երկրպագուներին կուրախացնի նոր համերգային ծրագրով  

«Նեմրա» խումբն իր երկրպագուներին կուրախացնի նոր համերգային ծրագրով

 

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խումբը, որը հայտնի է «I’m a liar», «Born in 94», «Connection lost» և մի շարք այլ երգերով, իր երաժշտության երկրպագուներին նոր տոն կպարգևի: Խումբը վեցամյա գործունեությունը  նշելու նպատակով ապրիլի 6-ին մենահամերգով հանդես կգա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: «Նեմրա»-ն առաջարկում է երաժշտասերներին միասին «թռչել» համանուն մոլորակ:

«Ներկայացվելու են մեր հին ու նոր երգերը, որոնց թվում են «Born in 94» և «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հնչած «I'm a Liar» ստեղծագործությունները: Համերգին նաև ելույթ կունենան հատուկ հյուրեր, որոնց անունները կբացահայտենք ավելի ուշ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ և կիթառահար Վանը:

 «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու նպատակով խումբը մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Վանի խոսքով` նախագծին մասնակցելուց հետո իրենց գործունեության մեջ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: «Շարունակում ենք աշխատել նույն ոգով` հավատարիմ մնալով մեր երաժշտական ոճին»,-շեշտեց նա:

Խումբը ներկայումս բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում: «Նեմրա»-ի անդամներն աշխատում են երկրորդ սկավառակի ձայնագրման վրա: Ձայներիզը կկոչվի դրանում զետեղված 11 երգերից մեկի վերնագրով` «Hmm»:

Վանը կատակով ասաց, որ մարդիկ այն կլսեն և կասեն. «Հը՜մ»: «Այդ ստեղծագործությունը մեզ համար շատ սիրելի է, բովանդակային առումով՝ արժեքավոր»,-նշեց երգիչը:

Վանը խոստացավ խմբի մենահամերգին հրաշալի երաժշտական ժամանց ապահովել իրենց երգարվեստի բոլոր սիրահարների համար:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]