Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Irava-Tech համաժողովը Հայաստան կբերի ՏՏ ոլորտի հայ հսկաների


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի իրավաբան կրթաթոշակառուների նախաձեռնած Irava-Tech իրավատեխնոլոգիական համաժողովը Երևանում կհամախմբի ոլորտի հայազգի առաջատարներին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող համաժողովն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լույս» հիմնադրամից, Irava-Tech 2018-ին հրավիրվել են մասնակցելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ստարտափներն ու ակսելերատոր ընկերությունները, մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանները և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նշված ոլորտներով: Բանախոսների թվում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանը, ամերիկյան Salesforce ՏՏ ընկերության՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հանրային քաղաքականության գծով տնօրեն Սասուն Գրիգորյանը, SalesNative և Contexti ընկերությունների ռազմավարական խորհրդատու և հիմնադիր Սիդնի Մինասյանը, SmartGateVC վենչուրային ընկերության համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրներ, մտավոր սեփականության և արտոնագրման ոլորտներում մասնագիտացած առաջատար իրավաբաններ։

Քննարկումները կծավալվեն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, ներդրումների կառավարման և գյուտերի արտոնագրման և հարակից այլ ոլորտների վերաբերյալ:

Կազմակերպիչները «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ են, ովքեր իրավագիտություն են ուսումնասիրում աշխարհի լավագույն համալսարաններում։ Հարվարդում, Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում սովորող հայ երիտասարդները համաժողովին մասնակցելու համար կապ են հաստատել իրավունքի և տեխնոլոգիայի ոլորտների առաջատար ներկայացուցիչների հետ։

Համաժողովը կկայանա մարտի 15-16-ին, օրակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ