Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ հետ գործակցության ֆանտաստիկ հնարավորություն ունի. Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ում


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Արմեն Սարգսյանը նշել է, որ պատերազմի, ֆինանսական անհաջողությունների և սոցիալական դժվարությունների ժամանակաշրջանից հետո Հայաստանը պատրաստ է հասնել «փոքր հանրապետություն, բայց գլոբալ ազգ» երազանքին:

Անդրադառնալով սփյուռքի ներգրավվածությանը հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին՝ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պահեք անձնագիրը ձեր հոգում և հավատաք, որ այդ երկրի քաղաքացին եք: Դուք պետք է հավատաք, որ հայաստանցի եք և Հայաստանը պետք է հավատա, որ դուք հայ եք: Հայաստանը պետք է լինի ձեր հայրենիքը և պետք է հոգ տանի ձեր մասին»:

Նա կարևորել է արցախյան պատերազմում տոնած հաղթանակը՝ նշելով, որ հարյուրավոր տարիներ անց հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել հաղթանակող:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը յուրօրինակ երկիր է, որ համագործակցում է թե ԵԱՏՄ, թե ԵՄ հետ: «Մենք միակ երկիրն ենք, որը լավ հարաբերություններ ունի թե Եվրամիության, թե Եվրասիայի հետ: Սա ֆանտաստիկ հնարավորություն է: Մենք պետք է խելացի գտնվենք օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանը պետք է ընկերներ ունենա ամենուր»:

Նա կարևորել է Հայաստանում տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն կառավարման կամ օրենքներ ընդունելու հարց է, այլ պատասխանատու քաղաքացիներ զարգացնելու անհրաժեշտություն: «Դա է առաջընթացի ճանապարհը, և նախագահը պետք է օգտագործի իր լիազորությունները հանուն այդ գաղափարի: Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 2-ին, նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում ապրիլի 9-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ