Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարարը Ստոկհոլմում մասնակցել է «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության հարցերով պետքարտուղար Ուլրիկա Մոդեերը մարտի 13-ին Ստոկհոլմում բացել են Շվեդիայի կառավարության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակները և 2030 օրակարգի իրականացումը. Հայաստանի փորձը» թեմայով կլոր սեղանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակաների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին ներկայացնելու համար և ուսումնասիրելու այս ուղղությամբ այլ երկրներում կատարած աշխատանքը։ «Մենք ուրախ ենք, որ Շվեդիայում գնահատվում է Հայաստանի կողմից այդ բնագավառում արձանագրված առաջընթացը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ներկայումս Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը Հայաստանը ավարտել է` դա համադրելով «Ազգային զարգացման ռազմավարություն 2030»-ի և ընդհանուր բարեփոխումների հետ: Նա հավելեց, որ «այս գործընթացին իր նպաստն է բերում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է»:

ԱԳ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ շեշտեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների, իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։

Կլոր սեղանին Հայաստանից մասնակցում էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Էրիկ Գյուլազյանը, ՄԱԿ Ազգային համակարգողի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ