Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում քննարկվել են HACCP համակարգի առավելությունները


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված է եղել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP- Hazard Analysis and Critical Control Points) համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում է համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով: 

«Արմենպրես»-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը տնտեսավարողներին է ներկայացրել համակարգի՝ նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում արտացոլված հիմնական յոթ սկզբունքները, որոնց հետևելով և բոլոր փուլերը փաստաթղթավորելով հնարավոր է երաշխավորել սննդամթերքի անվտանգության որոշակի մակարդակ: Ծառայությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մշակել և արդեն շրջանառել է HACCP  աուդիտի ստուգաթերթը, որով հնարավոր կլինի գնահատել այս կամ այն արտադրությունում սահմանված նորմերի համապատասխանությունը: HACCP-ի առկայությունն, ըստ բանախոսի, չափորոշիչ է լինելու մեկ այլ կարևոր՝ Ծառայության կողմից առաջիկայում ներդրվելիք ռեյթինգավորման համակարգի համար: Ժամանակացույցը հաստատված է, ոլորտներն՝ ամրագրված, խորհուրդները՝ ուղեցույցերում ամփոփված. մնում է, որ տնտեսավարողներն օր առաջ գիտակցեն այս համակարգի առավելությունները և կիրառեն այն: Իսկ առավելությունները բազմաթիվ են: Դրանցից մի քանիսը նշել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը. կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք: Վերջինիս համոզմամբ՝ HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն ամենաարդարացվածն է արդյունքների տեսանկյունից, հատկապես, որ, ցանկության դեպքում, այն կարելի է նաև գործարկել նվազագույն ծախսերով, առանց նորագույն սարքավորումների՝ պարզապես ճիշտ կազմակերպելով աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմաններում: Կան նաև այս համակարգի ներդմանն ուղղված աջակցման ծրագրեր, սուբսիդիաներ:

Կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի արտադրության պետ Ասատուր Հարությունյանը, սեփական փորձից ելնելով, գործընկերներին ներկայացրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների ներդրման առավելությունները, կիսվել խորհրուրդներով. կաթնամթերքի այս արտադրությունում արդեն մի քանի տարի է՝ աշխատում են HACCP համակարգով, ինչը ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կաթի շուկայում վերահսկողություն վերջերս հաճախ է իրականացնում, սակայն մեզ մոտ խախտումներ չի հայտնաբերում. սա արդեն արդյունք է»,- նշում  է ընկերության ներկայացուցիչը:

«Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ և ԷՀԵՋ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարինե Գրիգորյանը թեև HACCP-ի ներդրման տեմպերը դեռ բավարար չի համարում, սակայն նշում է՝ տնտեսավարողներն օրեցօր ավելացնում են գիտելիքներն այս ուղղությամբ, և այս առումով կարևոր է նաև գիտության դերը: Մասնագետներն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, դասընթացների ու խորհրդատվության միջոցով աջակցում են տնտեսավարողներին՝ հանրապետությունում այս մշակույթը հնարավորինս արագ տարածելու համար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ