Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Գլխավոր դատախազությունը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիմումին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից, Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։

«Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են: Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք:

2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ