Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Ալթունյանն այցելել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն

Լևոն Ալթունյանն այցելել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն։ Նախարարը նախ շրջայց է կատարել, ծանոթացել վերջին մեկ տարում կատարված փոփոխություններին, բաժանմունքներում առկա հնարավորություններին ու կարիքներին, հիվանդների բուժման ընթացքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այնուհետև բուժաշխատողների հետ քննարկվել են կենտրոնում իրականացվող ծրագրերի արդյունքները, առաջիկա անելիքներն ու առկա խնդիրների հաղթահարման ուղիները։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը 2014թ. ձևավորվել է ՀՀ ԱՆ Հակատուբերկուլոզային հանրապետական դիսպանսերի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի միավորման արդյունքում, հետևաբար, իրականացնում է երկու կազմակերպության գործառույթները` տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում ու Տուբերկուլոզի կառավարման ազգային ծրագրի համակարգում և դրանից բխող միջոցառումներ։ Հիմնական նպատակներն են տուբերկուլոզի տեղական դեպքերի վերացումը, դեղազգայուն և դեղակայուն տուբերկուլոզի կանխարգելումը, ախտորոշման, բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը։

Դրանց հասնելու ճանապարհները տարբեր են` սկսած հակատուբերկուլոզային ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացումից, համաճարակաբանական հսկողության գործող համակարգի զարգացումից մինչև տուբերկուլոզի ազգային ռեֆերենս լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրում, առողջության պահպանման առաջնային օղակի բուժանձնակազմի կրթում տուբերկուլոզի կանխարգելման և բուժման գծով։ Կարևորվում է նաև միջազգային համագործակցության արդյունքում ժամանակակից ախտորոշիչ միջոցների, դեղերի, բուժման և կանխարգելման նորագույն մոտեցումների կիրառումը։ Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ 7 բաժամունքում տարեկան բուժվում է ավելի քան 1800 հիվանդ։ Վերջին տասը տարում կրկնակի անգամ նվազել են հիվանդացության և եռակի անգամ` մահացության ցուցանիշները։ Բուժման որակի բարձրացման նպատակով վերջին մեկ տարում այստեղ միջազգային փորձագետների աջակցությամբ կազմակերպվել են բժիշկների կրթական ծրագրեր, իրականացվել բուժքույրերի թեստավորումներ, ներդրվել են ևս 5 կլինիկական ուղեցույցներ ու գործելակարգեր։

Լևոն Ալթունյանին առավելապես հետաքրքրել են առկա խնդիրները։ Այսօր դիսպանսեր հսկողություն է իրականացվում մոտ 1000 հիվանդի նկատմամբ։ Լուրջ մտահոգության տեղիք են տալիս աշխատանքային միգրանտների շրջանում դեղակայուն և բարդացած տուբերկուլոզի դեպքերը։ Նման հիվանդների կողմից անհրաժեշտ բուժումը չընդհատելուն ուղղված աշխատանքները ոչ միշտ են արդյունավետ լինում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տուբերկուլոզի հաղթահարման ուղղությամբ հնարավոր քայլերն ու միջոցառումները։ Նախարարը հանձնարարել է կատարել առկա ֆինանսական միջոցների ծախսման վերլուծություն և հանդես գալ ծախսարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ առաջարկություններով։ «Արդյունքում պետք է առկա ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել այնպես, որ ապահովվի թե՛ հիվանդի արդյունավետ բուժումը, թե՛ բարձրացվի բուժաշխատողների աշխատավարձերը»,-ասել է նախարարը։ Որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել վերահաշվարկները կատարելուց և առաջարկները մշակելուց հետո։ «Մենք համատեղ խորը վերլուծություն կկատարենք, որպեսզի ունեցած գումարներով և ներուժով կարողանանք առաջիկա երեք տարվա ընթացում կասեցնել տուբերկուլոզի տարածումը Հայաստանում»,-ամփոփել է Լևոն Ալթունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]