1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը երաժշտական կարևորագույն տոներից մեկն է

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը երաժշտական կարևորագույն տոներից 
մեկն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնարավորություն է տալիս ամբողջապես տեսնել այսօրվա մեր կոմպոզիտորական դպրոցի պատկերը և հասկանալ մեր տեղը համաշխարհային երաժշտական աշխարհում։ Փառատոնի մասին նման կարծիք հայտնեց Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, «Դելլալյան տրիոյի» ջութակահար Նարինե Դելլալյանը: Երաժիշտը վստահ է՝ փառատոնը, որն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, երաժշտական կարևորագույն տոներից մեկն է:

«Փառատոնն ընդգրկուն է, և հայ դասականների կողքին հնչում են նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Սա ինքնին շատ կարևոր քննություն է, որի ընթացքում երիտասարդ ստեղծագործողը հնարավորություն է ունենում լսելու իրեն, ինչպես ստեղծագործական սկզբնական շրջանում հայրս էր ասում. «Թող կատարվեն իմ ստեղծագործությունները, որպեսզի սխալներս լսեմ» (Նարինե Դելլալյանը կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրն է)։ Ի վերջո, ամեն երկիր բարձրակարգ է համարվում իր ունեցած մշակույթով, և նման իրադարձությունները հարստացնում են մեզ ու հող պատրաստում վաղը ստեղծվելիք նոր երկերի համար, ճանաչելի դարձնում մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է երաժիշտը:

Մարտի 5-9-ն անցկացված երաժշտական տոնի ընթացքում հնչեց նաև կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի Սոնատը կլարնետի և դաշնամուրի համար: Կոմպոզիտորի դուստրը փաստում է՝ ստեղծագործությունը բազմիցս հնչել է Հայաստանում: Առաջին կատարողները եղել են Աբգար Մուրադյանը և հեղինակը։ Ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում է նրանց կատարման ձայնագրությունը։

«Բայց երբևէ ավելորդ չէ որևէ նոր հնչեցում։ Դա միայն ստեղծագործության արժեքավոր լինելն է փաստում։ Ես հատկապես ուրախանում եմ այն փաստով, որ կատարողները մեր երիտասարդներն են, այսինքն՝ մեր հոգևոր ապագայի պատասխանատուները»,- նշեց նա՝ ցանկություն հայտնելով, որ հնչեն նաև Դելլալյանի մյուս՝ հատկապես սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Մահ» սիմֆոնիկ պոեմը, սիմֆոնիան, «Հուշարձան նահատակներին» կանտատ-ռեքվիեմը, որը գրված է Կոստան Զարյանի «Օրերի պսակը» շարքից մի բանաստեղծության հիմա վրա։

Նարինե Դելլալյանի խոսքով՝ արտասահմանում առավել հաճախ կատարվում են Հ. Դելլալյանի կամերային ստեղծագործությունները:

«Նախ և առաջ կազմակերպական իմաստով սա ավելի դյուրին է և կախված է մեկ, երկու երաժշտից։ Նվագախմբային ժամանակակից ստեղծագործության կատարումը բարդ է, կապված տարբեր, այդ թվում՝ ֆինանսական խնդիրների հետ»,- հավեց երաժիշտը:

Առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին: Փառատոնն իրականություն է դառնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերով: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]